Վանաձոր քաղաքում ավելացել են շների կողմից մարդկանց վրա հարձակումների, ինչպես նաեւ կծածների դեպքերը: Այս մասին Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կարինե Միրզոյանը: Ըստ նրա գրեթե ամեն օր իրեք շան կծածի դեպքերի մասին ահազանգեր են ստանում քաղաքի տարբեր հատվածներից. «Գրեթե ամեն օր մենք շան կծածից տուժած դեպքեր ենք ունենում, հատկապես քաղաքի ծայրամասային թաղամասերից, շուկայամերձ թաղամասերում»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Միրզոյանը. «Նախ թափառող կենդանիների դեմ պայքարել է պետք, լինում են նաեւ դեպքեր, երբ բնակիչներին կծում են հենց իրենց շները, դա էլ արդեն տիրոջ խնդիրն է, իսկ այն որ ընդհանուր է ու ավելի են շատացել դեպքերը, փաստ է»:
Տեսչության պետի փոխանցմամբ` ահազանգերը լինում են հատկապես ծայրամասային թաղամասերից: NEWS.am-ի Լոռիի թղթակցին ծայրամասային Տարոն-2 թաղամասից ահազանգած բնակիչները նշեցին, որ չնայած իրենք բազմիցս դիմել են քաղաքապետարան, սակայն խնդիրը վերջնականապես չի լուծվում: «Շներն արդեն գայլերի նման ոհմակներ են կազմել, խմբերով են շրջում, չենք կարողանում տանից դուրս գալ, գործերս թողած ամեն օր երեխաներին տանում ենք դպրոց, հետո գնում բերում տուն, որ հանկարծ շները չհարձակվեն»,-պատմել են նրանք, նշելով, որ գիշերներն էլ շները իրենց ձայներով չեն թողնում հանգիստ քնել:
Ի դեպ, վերջին խոհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը քաղաքապետ Սամվել Դարբինյանին զեկուցեց, որ նախորդ շաբաթ քաղաքում վնասազերծվել է 32 թափառող կենդանի, սակայն վնասազերծման աշխատանքների համար հատկացված գումարը վերջացել է, եւ պետք է նոր գումար հատկացվի: Իսկ թե երբ դա կարվի, դեռ պարզ չէ, սակայն այն, որ թափառող կենդանիները իրոք մեծ թիվ են կազմում մարզկենտրոնում, հաստատ է, մանավանդ, որ գնալով ավելանում են նաեւ շան կծածի դեպքերը:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի





























