Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի բարեկամուհի, 17-ամյա Մարիամ Մացակյանի` ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստանալու եւ հիվանդանոցում մահանալու փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է եւ այն պետք է  ուղարկվի դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ մեղադրական եզրակացությունը չի ուղարկվել հսկողություն իրականցնող դատախազին: Հայտնի է մեղադրյալի անունը: Նորայր Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով`

120-րդ հոդվածի 1-ին (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել), 311-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը), 325-րդ հոդվածի 1-ին (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը) եւ 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, որը զուգորդվել է այլ արհեստական ապացույցներ ստեղծելով): «Նախաքննությունը ավարտվել է Նորայր Ստեփանյանի մասով, բայց դրանից  բացի` կա առանձնացված քրեական գործ` տուժողին ցուցաբերված բուժօգնության ուսումնասիրման համար,դրա ընթացքում արձանագրված հնարավոր սխալների մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 17-ամյա Մարիամ Մացակյանը Ֆիզկուլտուրայի դասին ստացած ձախ ազդրի կոտրվածքի պատճառով մայիսի 18-ին ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխվել է «Աբովյան» բ/կ եւ երկու օր անց մահացել: «Հստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է, կլինիկորեն ճարպային էմբոլիան է, ոսկրածուծի կոտրվածքից ճարպն անցնում է արյան մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աբովյան» բ/կ-ի ղեկավար Արթուր Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ` մայիսի 20-ին առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր է եղել, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չի հաջողվել: Արթուր Պետրոսյանը նշել է, որ դա հազվադեպ հանդիպող դեպք է, շատ ծանր բարդություն եւ այստեղ չէր օգնի նաեւ նրան ավելի վաղ բ/կ տեղափոխելը:

Նշենք, որ Մարիամ Մացակյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի միջնակարգ դպրոցից:

Դրանից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի բարեկամուհի, 17-ամյա Մարիամ Մացակյանի` ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստանալու եւ հիվանդանոցում մահանալու փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրօրի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):