Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ  համայնքին պատկանող «ԳԱԶ-13» (Չայկա) ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել  և ի պահ է հանձնվել  նշված ընկերության  պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կաղապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Գյումրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էր, թե մեքենան ընդամենը 100 հազար դրամով ավագանու որոշմամբ տրվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը` Գեւորգ Ղուկասյանին: Վերջինս հաստատել է, որ ինքն է տարել մեքենան: