Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ տեղակայված «մկնդեղի գերեզմանոցում» տեղի ունեցած վթարի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված պարզաբանման` «մկնդեղի գերեզմանոց» կոչվող տարածքից դեպի ջրային ավազան արտահոսքեր չեն հայտնաբերվել, «թեժ գծով» հաղորդված ահազանգը, ինչպես նաեւ` հեռուստաընկերություններով հեռարձակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ուսումնասիրությունն անցկացրել են բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները` «Դեբեդ» ՀԿ-ի նախագահ Ռաֆիկ Ղազինյանի հետ:

Ըստ վերջինիս հայտարարության` հեռուստաընկերություններով հեռարձակված եւ համացանցում տեղադրված նյութերը նկարահանվել են մոտ 1 ամիս առաջ «Օրհուս» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում, սակայն վթարային փաստեր չեն արձանագրվել: Վերլուծական հետազոտություններ կատարելու նպատակով՝ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից մկնդեղի գերեզմանոցի հարակից Դեբեդ գետի Մադան թաղամասից հոսող վտակից` գերեզմանոցի ներքեւի մասից վերցվել է ջրի փորձանմուշ: Արդյունքների վերաբերյալ լրացուցիչ հանրությանը կտեղեկացվի: