Դպրոցականներից կազմված 7 թիմ մասնակցել է հոկտեմբերի 25-ին կայացած «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Այբ» ավագ դպրոցը հանդես է եկել 3 թիմով, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրել է 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:
«Այբ» ավագ դպրոցի թիմերը մրցույթում զբաղեցրել են առաջին երկու հորիզոնականները: Առաջին տեղը գրավել է «Սինուս» թիմը` ստանալով 250.000 դրամ, երկրորդ տեղը` «Կոսինուս» թիմը: Մրցանակն է 100.000 դրամ: Երրորդ տեղը զբաղեցրել է Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի «Պոլիտեխնիկ» թիմը (մրցանակն է` 50.000 դրամ) եւ Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ: Խրախուսական մրցանակի արժանացավ Ախթալայի թիվ 1 դպրոցի թիմը` ստանալով 30.000 դրամ եւ Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ:
Ներկայումս ԱրմՌոբոտիքս խմբակներ գործում են Երեւանի 5 կրթահամալիրներում` Քվանտ եւ Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, «Այբ» եւ թիվ 131 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ՝ 5 մարզային դպրոցում` Սյունիքում, Լոռիում եւ Թալինում:
Ռոբոտատեխնիկայի ոլորտն ավելի զարգացնելու նպատակով նախատեսվում է նաեւ ստեղծել ԱրմՌոբոտիքս լաբորատորիա, որտեղ մրցույթների մասնակիցները, դպրոցական խմբակների սաները եւ ռոբոտոտեխնիկայով հետաքրքրվողները հնարավորություն կունենան նախագծել, հավաքել ու փորձարկել իրենց ռոբոտները: Բացի այդ՝ կիրականացվի «Ռոբոտիքս Թու Բիզնես» ծրագիրը, որի շրջանակներում մասնակիցները կսովորեն` ինչպես սեփական գաղափարները վերածել բիզնես ծրագրերի:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից, եւ առաջին նախագիծը հենց «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթն էր: Առաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո ԻՏՁՄ-ն այնուհետեւ կազմակերպեց «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» եւ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:
ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:




























