Հայ ոսկերիչների հիմնադրամը հայտարարում է իր դրամահավաքի սկզբի մասին` նպատակ ունենալով հետազոտել հայ ոսկերչության անցյալը, ներկան եւ աջակցել ոլորտի ապագա զարգացմանը:
«Մենք՝ հայերս, ոսկերչության մեջ ունեցել ենք ճիշտ այն դերը, որն ունեցել են շվեյցարացիները ժամագործության մեջ: Այն բացառիկ ներդրումը, որ կատարել են հայազգի ոսկերիչները դարեր շարունակ, մեր ազգային հպարտությունն է: Իբրեւ Հիմնադրամ՝ մենք մեր առաքելությունն ենք տեսնում այս ներդրումը աշխարհով հանրահռչակելու մեջ», - նշել է Հայ ոսկերիչների հիմնադրամի գործող նախագահ եւ համահիմնադիր Պիեռ Աքելյանը: Նա հավելեց, որ նվիրատվությունները կօգնեն բացահայտել հայ ոսկերչության պատմությունը եւ ճանապարհ հարթել դեպի ապագա:
Հիմնադրամի ծրագրերի շարքում է հայ ոսկերչության պատմության մանրամասն ուսումնասիրումը, ներկայիս հայազգի ոսկերիչների գործունեության հետազոտումը եւ հանրահռչակումը: Հիմնադրամի գործունեության կարեւորագույն ուղղություններից է կրթականը, որի շրջանակներում կրթաթոշակներ կտրամադրվեն հայազգի երիտասարդներին ՝ աշխարհի լավագույն դիզայնի դպրոցներում սովորելու համար:
Հայ ոսկերիչների հիմնադրամը այս պահին ներկայացնում է երկու հովանավորչական փաթեթ՝ 25 հազար եւ 15 հազար դոլար: Հովանավորները կհիշատակվեն Հիմնադրամի բոլոր հրապարակումներում: Յուրաքանչյուր հովանավոր իբրեւ հուշանվեր կստանա Franck Muller ժամացույց՝ հատուկ սահմանափակ շարքից: Այս բացառիկ ժամացույցները ստեղծվել են Franck Muller ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի աջակցությամբ եւ նվիրված են հայոց այբուբենին: 38 ոսկե եւ 38 պողպատե ժամացույցներից յուրաքանչյուրը կրում է մի տառ:





























