Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:
Խորհրդարանականների գործունեությունը դիտարկող Parliamentmonitoring.am կայքի տվյալներով, Ծառուկյանը բացակայել է ԱԺ մինչ օրս անցկացրած բոլոր 28 քվեարկություններից: Երկրորդ տեղում Ծառուկյանի խնամին է՝ Մուրադ Գուլոյանը, ով հասցրել է բացակայել 22 քվեարկությունից:
Երրորդ տեղում Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն է՝ 21 բացակայություններով: Չորրորդում արդեն նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն է, ով իր 5-րդ գումարման ԱԺ-ում կարճ գործունեության ընթացքում հասցրել էր բացակայել 20 քվեարկությունից: Նույնքան քվեարկություն էլ բաց է թողել ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը:
6-րդ տեղում կրկին ԲՀԿ-ական է՝ Գուրգեն Արսենյանը (18), 7-րդում՝ ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը (18): Առաջին տասնյակում են նաեւ Ռուստամ Գասպարյանը (17), Սպարտակ Մելիքյանը (15) եւ Մուշեղ Պետոյանը (15):
Ի դեպ, այս «ակտիվ» պատգամավորները որեւէ հարց չեն բարձրացրել Ազգային Ժողովում, որեւէ ելույթ չեն ունեցել:





























