Միջազգային ասպարեզում Հայաստանը  լուրջ գործոն չի հանդիսանում ու մեզ հիշում են միայն ապրիլի 24-ին կամ Արցախի  հետ առնչվող խնդիրների ժամանակ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում ասաց կինոռեժիսոր էդգար Բաղդասարյանը։

Անրադառնալով առաջիկա ներքաղաքական զագացումներին, նա նշեց, որ Հայաստանում դրանք բնականոն հունով չեն ընթանում եւ ներքաղաքական գործընթացներին ու ընտրություններին զգալի են միջամտությունները. «Մեզ մոտ ամեն ինչ չափազանց քաղաքականացված է, մարդիկ փոխանակ զբաղվելու իրենց գործով, տարբեր միջոցներով ներքաշվում են այդ գործընթացներին։ Երջանիկ երկիրն այն է, երբ քաղաքացիները ապրում են իրենց բնականոն կյանքով ու շատ հաճախ չգիտեն նույնիսկ իրենց նախագահի կամ վարչապետի անունը»-ասաց ռեժիսորը։

Հարցին՝ ի՞նչ ֆիլմի կնմանացնեք առաջիկա նախագահական ընտրությունները, նա պատասխանեց, որ դեռեւս զարգացումները չեն հասել այն դրամատիկ պահին, որ հստակ բնութագրենք. «Ավելի շուտ դեռ ընթանում է նախապատրաստական շրջանը, իսկ թե ինչպես կլինի ընթացքը, կարելի է միայն կանխատեսել, մեծ հավանականությամբ կարող է լինել կատակերգություն, ցավոք կարող է լինել տրիլեր,  իսկ վատագույն դեպքում՝ սարսափ ֆիլմ։ Ճիշտն ասած մենք արդեն հոգնել ենք ընտրել վատի ու վատագույնի միջեւ, կուզեի ընտրությունը լիներ լավի ու վատի միջեւ»- մեկնաբանեց Բաղդասարյանը։

Նա կարեւորեց, որ անհրաժեշտ է ընտրել որոշակի տնտեսական պլատֆորմ, բանավեճը տեղափոխվի տնտեսական ոլորտ. « Իսկ մեզ մոտ ակնհայտ է այլընտրանքի բացակայությունը, կիրառվում է մի տեխնոլոգիա, երբ ներկայացվում է բոլորին արդեն վաղուց հայտնի «փչացած» քաղաքական ուժը ու արդյունքում ստիպված ենք լինում ընտրել չարյաց փոքրագույնը։ Իսկ դրան հաջորդում են անվերջ ընտրակաշառքներն ու իշխանական մեխանիզմների կիրառումը։ Իսկ մարդիկ, որոնք ունեն որոշակի պոտենցիալ, հեռանում են երկրից։ Քաղաքականությունը դա նույնպես մշակույթ է , կարեւոր է կադրերի ընտրությունը։ Եթե խորհրդարանին նայենք, ապա առկա է ոչ միայն ինտելեկտի բացակայություն, այլ մարդ նույնիսկ կարող է իսկական սարսափ ապրել՝ նայելով նրանց դեմքերին»,-ասաց նա ու ավարտելով՝ ավելացրեց.  «Վեց կուսակցություն փոխած մարդուն պաշտոն են տալիս, իսկ նման մարդու համար գոյություն ունի հստակ բնորոշում՝ «քաղաքական պոռնիկ»։ Երբ իշխանությունը կդադարի վերարտադրել այդ քաղաքական պոռնիկներին, կկատարվի ճեղքում, գուցե այդ դեպքում ինչ որ բան կփոխվի»։