Հատված ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանի՝ «Իրատես de facto» թերթի հետ հարցազրույցից.
«-ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ն պիտի լինի։
-Եթե վստահելու հիմքեր կան, պետք է համագործակցել՝ ապօրինի իշխանությունը տապալելու համար:
-Ժամանակին այդ «ապօրինի» իշխանության մի մասն էլ ԲՀԿ-ն էր: Տարօրինակ համագործակցություն չի՞ ստացվում:
-Ոչ, քաղաքականության մեջ այդպես չէ: Միայն Հայաստանում կարող է դա տարօրինակ համարվել: Սա չի նշանակում նույն քաղաքականության հետեւորդ դառնալ: Սա ընդամենը մեկ հարց է լուծում, որից հետո ամեն մեկն իր ճանապարհով է գնալու:
-ԲՀԿ-ի հետ համագործակցությունը որոշ կոնգրեսականների կողմից սվիններով է ընդունվում, ոմանք դուրս եկան ՀԱԿ-ից, մյուսները սպառնում են դուրս գալ: Այդ համագործակցությունը վերջնականապես չի՞ քանդի ՀԱԿ-ը:
-ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում ես եւս հարյուրտոկոսանոց վստահության հիմքեր չունեմ, բայց սա առիթ է դառնում ոմանց սեփական դժգոհությունը ցուցադրելու համար, որի իրական պատճառները լրիվ ուրիշ են:
-Այսուհանդերձ, ՀԱԿ-ը իր թեկնածուով, ասել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով կմասնակցի՞ ընտրություններին:
-Եթե Տեր-Պետրոսյանը մտավ ընտրապայքարի մեջ, ինձ թվում է, լրիվ այլ իրողություններ կլինեն:
-Ինչո՞ւ եք «եթե»-ով խոսում, հնարավոր է չառաջադրվի՞:
-Չէ, վստահ եմ, Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Չեմ կարծում, որ, բացի Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ի ներսում այլ թեկնածու կառաջադրվի: Ճիշտ է, խելոք տղաներ կան, առնվազն մի քանի հոգի կարող է նախագահ դառնալ: Ի միջի այլոց, ՀԱԿ-ում ամենաշատն է նման մարդկանց թիվը: Այս ընտրությունը պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ լինի, նա պիտի կատարի պատմական իր առաքելությունը, ճշգրտումներ մտցնի ներքին եւ արտաքին քաղաքականությունում: Անկախության հռչակման ժամանակ ես ասում էի՝ պիտի մի քսան տարի Հայաստանում բռնապետություն լինի, որովհետեւ մեր ժողովուրդը չգիտի՝ ինչ է անկախությունը, հետո նոր ժողովրդավարության լայն հնարավորություններ տրվեն՝ առաջ գնալու համար: Առաջ այդպես էի մտածում»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն։





























