Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին տեսակցության համար կղզի մեկնողների համար Թուրքիայի կառավարությունը հատուկ նավ է պատրաստել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Օջալանի հետ տեսակցության մեկնողներին տեղափոխելու համար Թուրքիայի հեռահաղորդակցության եւ նավագնացության նախարարության կողմից ստեղծված նոր նավի արժեքը կազմում է 2 մլն դոլար։

Նավի առանձնահատկությունն այն է, որ այն ցանկացած եղանակային պայմաններում կարող է ափից Իմրալը կղզի հասցնել Օջալանի փաստաբաններին կամ մերձավորներին։

Օջալանի եւ փաստաբանների միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2011-ի հուլիսի 27-ին, որից հետո փաստաբանների բոլոր դիմումները մերժվել են՝ եղանակային պայմանների, նավի անսարքության կամ անձնակազմի բացակայության պատճառով։

Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։