Թերթը գրում է, որ երեկ Ադրբեջանի ԳՍՍ Նիզամիի անվան գրականության ինստիտուտում ավարտվել է «ադրբեջանցի բանաստեղծուհի» Մեհսեթի Գյանջեւիի ծննդյան 900-ամյակին նվիրված գիտաժողովը: Հաստատության տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ Ռաֆայել Հուսեյնովն ասել է, որ «ժամանակի եւ ոչ մի ժողովուրդ չի ունեցել նման բանաստեղծ»: Ըստ Հուսեյնովի, Մեհսեթի Գյանջեւին «նաեւ շախմատիստուհի է եղել, կոմպոզիտոր»: Թե ինչո՞ւ ոչ նաեւ «նկարչուհի», Ռաֆայել Հուսեյնովը ոչինչ չի ասել:
Այժմ` լուրջ: Ակադեմիական աղբյուրները, որոնց հղում անելով է Wikipedia-ն կազմել «Մեհսեթի Գյանջեւի» հոդվածը, նախ նշում են, որ նա «պարսկական պոեզիայի ներկայացուցիչ է»: Այնուհետեւ ասվում է, որ «բանաստեղծուհու շուրջը վեճերը չեն դադարել, կարծիք կա, որ նույնիսկ նման իրական դեմք գոյություն չի ունեցել»:
Խոսքն այն մասին է, որ Մեհսեթի անունով կին-բանաստեղծուհու մասին հիշատակություն կա միջնադարյան պարսկական ավանդապատումներից մեկում, որտեղ նրան վերագրված է ռուբաի կոչված տաղաչափությունը: Այդ նույն ավանդապատումից է նաեւ հայտնի, որ Մեհսեթին ծնվել է Գյանջայում, աստանդական կյանք վարել Հերաթում, Պարսկաստանի այլ քաղաքներում:
Իսկ ինչպե՞ս է ստեղծվել «ադրբեջանցի բանաստեղծուհի Մեհսեթի Գյանջեւիի» առասպելը: Պարզվում է, 1923թ.-ին մի խումբ ուսուցիչներ «էքսգումացիայի են ենթարկել Նիզամիի աճյունը»: Այդ ընթացքում հայտնաբերվել է «կնոջ աճյուն»: Նախապես ենթադրվել է, որ դա «բանաստեղծի Աֆագ անունով կնոջ աճյունն է»: Բայց կարճ ժամանակ անց շրջանառության մեջ է դրվել «գիտական տեսակետ, որ Նիզամիի հարեւանությամբ հողին հանձնված կինը միջնադարյան պարսկական ավանդապատումից հայտնի բանաստեղծուհի Մեհսեթին է»: Եվ նրան էլ տրվել է «Գյանջեւի» պատվանունը:
Միջնադարն, իհարկե, գաղտնիքներ ունի: Բայց ոչ` ադրբեջանցի «ուսումնասիրողների» համար: Նրանց համար մեծ դժվարություն չի ներկայացրել ավանդապատումի հերոսուհուն դարձնել «իրական բանաստեղծուհի», պարսկերեն ռուբաիները համարել «ադրբեջանական պոեզիայի գոհարներ», ինչպես նաեւ «զանազան փաստերի համադրմամբ պարզել, որ Մեհսեթին ծնվել է 1098թ.-ին»:
Թող որ «այդպես է», բայց այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ 2012-ին է նշվում նրա «ծննդյան 900-ամյակը»: Չէ՞ որ պարզագույն թվաբանական հաշվարկով` 1098+ 900 հավասար է 1998-ի: Այսինքն, Մեհսեթի Գյանջեւիի 900-ամյակը պետք է լրացած լիներ 1998-ին: Զարմանալու ոչինչ չէր լինի, եթե «հնագույն ադրբեջանցի բանաստեղծուհու 900-ամյակը» չնշվեր, ինչպես Բաքվի լրատվամիջոցներից մեկն է ձեւակերպել` «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով»:





























