Վարդան Օսկանյանի գործում հնարավոր չէ տուժող կողմ գտնել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 30-ի մամուլի ասուլիսում նշել է Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Սամվել Կոչոյին՝ ներկայացնելով Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ իր եզրահանգումները:
«Կան հանցագործություններ, որոնց դեպքում հետեւանքները պարտադիր չեն: Եթե գողերը անհաջող հարձակում են գործել խանութի վրա, ապա դա ցանկացած դեպքում հանցանք է համարվում: Կարեւոր չէ՝ հաջողվել է թալանել, թե ոչ: Բայց եթե խոսքը փողերի յուրացման մասին է, ինչում մեղադրում են Օսկանյանին, ապա այստեղ պետք է տուժող լինի: Դա Տիգրան Կարապետյանը չէ («Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ-խմբ.) եւ ոչ էլ Ջոն Հանթսմանը: Անհասկանալի է, ով է տուժողը, եթե ոչ ոք հայց չի ներկայացրել», – նշել է Կոչոյին:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ջոն Հանթսմանը Օսկանյանի հետ հատկացված միջոցների տնօրինման ժամկետները չի քննարկել:
«Նրանց միջեւ հարաբերությունները հիմնված են եղել վստահության վրա, միակ պայմանը փողերը հիմնադրամի շահերին ծառայեցնելն է եղել: Եվ դա արվել է», – ասել է Կոչոյին՝ հավելելով, որ Հայաստանի ՔՕ 179-րդ եւ 190-րդ հոդվածների խախտում (վատնում, հանցավոր գումարների օրինականացում) չի տեսնում:
Հիշեցնենք, 2010թ. «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերի վաճառքից ստացված միջոցները Տիգրան Կարապետյանը վաճառել էր քաղաքացի Սամվել Բեգլարյանին: Ստացված 530 մլն դրամը (Կարապետյանին գործարքի համար 10 մլն դրամով պարգեւատրելուց հետո) փոխանակվել էր 1,427 մլն դոլարով եւ տրվել Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կարիքների համար օգտագործելու: Հայաստանի դատախազությունը պնդում է, որ գումարի 181,8 հազար դոլարն Օսկանյանն անձնական նպատակներով է օգտագործել: Քննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի/ NEWS.am




























