Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն, այսօր՝ նոյեմբերի 30-ին, մասնակցել է Հայաստանի հանրապետական եւ Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցած ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել բացման խոսքով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այն տեղի է ունեցել մայրաքաղաքի ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնում:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը:

Սերժ Սարգսյանը բացման խոսքում, մասնավորապես, նշել է.

«Սա իսկապես պատմական նշանակության իրադարձություն է ինչպես Հայաստանի, մեր գործընկեր երկրների, այնպես էլ Եվրոպական միության եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության համար: Շուրջ մեկ տարի է անցել Մարսելում հայաստանյան երեք կուսակցությունների ԵԺԿ անդամակցությունից, եւ այսօր մենք արդեն պատիվ ունենք հյուրընկալելու այս հեղինակավոր համաեվրոպական կուսակցության Արեւելյան գործընկերության ձեւաչափով գագաթնաժողովը Երեւանում:

Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին ԵԺԿ-Արեւելյան գործընկերություն գագաթնաժողովների ավանդույթը ձեւավորելու համար: Պարո՛ն Մարթենս, Ձեր քաղաքական հարուստ կենսագրության ընթացքում Դուք բազմիցս ապացուցել եք տեսլականի ուժը: Դուք հսկայական ներդրում եք ունեցել Եվրոպական միության կայացման եւ ամրապնդման գործընթացում: Ձեր այս նախաձեռնությամբ Դուք նոր հնարավորություն ընձեռեցիք Եվրոպական միության անդամ չհանդիսացող այն պետությունների քաղաքական ուժերին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը:

Շնորհակալ եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ պարոն Ժոզե Մանուել Բարոզուին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին այս միջոցառմանը մասնակցելու համար: Կարծում եմ՝ ամենեւին պատահական չէ մեր երեք երկրների քաղաքական կուսակցությունների անդամակցումը ԵԺԿ ընտանիքին: Դա ի ցույց է դնում առաջին հերթին այն նպատակաուղղվածությունը եւ ակնկալիքները, որոնք մեզ կապում են Եվրոպական միության հետ, չնայած, որ մեզնից յուրաքանչյուրը Եվրամիության հետ իր հարաբերությունները կառուցում է ուրույն ուղիով:

Մի քանի խոսք ասեմ այս դահլիճի մասին, որի ընտրությունը պատահական չէ: Սա ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնի Վարդանանց սրահն է: Ահա այս պատին հայ մեծ վարպետ Գրիգոր Խանջյանը պատկերել է մեր ժողովրդի պատմության կարեւորագույն դրվագներից մեկը. 451 թվականին, այսինքն 16 դար առաջ, երբ մենք արդեն 150 տարվա քրիստոնյաներ էինք, հայերն ստիպված եղան ելնելու կենաց եւ մահվան կռվի` պայքարելով քրիստոնեական կրոնից իրենց շրջելու, համաքրիստոնեական արժեքներին դավանելու հնարավորությունից զրկելու փորձերի դեմ: Անհավասար պայքարում եւ բազմաթիվ կյանքերի գնով մեր նախնիներին հաջողվեց պահպանել մեր ինքնությունը, մեր հավատը եւ մեր արժեքային համակարգը: Դարեր շարունակ այդ մարտահրավերներն առկա են մեր ժողովրդի պատմության մեջ: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու էր մեզ համար այսքան կարեւոր հայտնվել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում, որի գործունեության առանցքում ընկած են համաեվրոպական արժեհամակարգն ու ժողովրդավարության հրամայականը:

Ինչպես վերահաստատվեց ԵԺԿ-ի բուխարեստյան մանիֆեստում, մեր քաղաքական ընտանիքը եվրամերձեցման շարժիչ ուժն է, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը:

ԵԺԿ-ն մեծ դերակատարում ունի Արեւելյան գործընկերությունը զարգացնելու եւ եվրամերձեցման նոր օղակի վերածելու հարցում: Դրա վառ ապացույցն էր Բաթումում կայացած գագաթնաժողովը եւ այսօրվա մեր հավաքը: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումներն իրենց բովանդակային ներդրումը կունենան ինչպես Եվրոպական ժողովրդական կուսակցության, այնպես էլ Արեւելյան գործընկերության համատեղ նպատակների իրականացման գործում:

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ Հայաստանում եւ խնդրում եմ նախագահ Մարթենսին նախագահել այս գագաթնաժողովը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am