Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը վնասվածք է ստացել իր տանը` Էջմիածնում երեք օր առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: «Դեկտեմբերի 1-ին Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է  տեղափոխվել Էջմիածնի բնակիչ, 1984թ ծնված Սերգեյ Գրիգորյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին Սերգեյ Գրիգորյանը բացատրություն է տվել  եւ պատմել է, որ վնասվածքը ստացել է իրենց տանը` Էջմիածնում երեք օր առաջ: Նմանատիպ բացատրություն է տվել նաեւ հիվանդանոցում գտնվող Սերգեյ Գրիգորյանի մայրը:

Նյութերը տարածքային կարգով ուղարկվել են Ոստիկանության Վաղարշապատի բաժին, հանգամանքները պարզվում են»,- հայտնում են, ոստիկանության լրատվության վարչությունից:

Նշենք, որ  Լուրեր.com-ը գրել էր, թե  Սերգեյ Գրիգորյանը  եւ նրա եղբայրը դաժան ծեծի է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող բենզալցակայանում:  Ըստ նույն աղբյուրի՝ վեճը ծագել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատողները փորձել են շրջանցել հերթը, իսկ դերասանն ասել է, որ ուշանում է աշխատանքից: Դրանից հետո սկսել է դաժան ծեծկռտուքը: Նշվում է, թե Սերգեյ Գրիգորյանը ծեծից հետո խնդիրներ ունի լսողության հետ կապված: