Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գիծ ահազանգել է Արմեն Մելքոնյանի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում եւ նրան իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում:

«Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն եւ նրան մինչեւ երեկոյան ժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել:

Ժամը 22:00-ին մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել:

Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգահարել են նաեւ Արմենին, ով նույնպես հայտնել է, որ իրեն բաց են թողել եւ ինքն արդեն տանն է (հետագայում պարզվել է, որ Արմենը մեր աշխատակիցներին այդպես է հայտնել ոստիկանների ճնշման ներքո): Ավելի ուշ Արմենի մայրը զանգահարել է Պաշտպանի թեժ գիծ եւ տեղեկացրել, որ իր որդին դեռեւս գտնվում է ոստիկանության բաժնում:

Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում արագ արձագանքման աշխատակիցիները կրկին այցելել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ ոստիկանության բաժնի տվյալ օրվա պատասխանատուն պնդել է, որ Արմեն Մելքոնյանը ոստիկանությունում չի գտնվում:

Այնուհետեւ մեր աշխատակիցները Արմենի մորն առաջարկել են հայտարարություն տալ տղայի կորելու փաստով, ինչից անիմիջապես հետո ոստիկանությունում մեր աշխատակցին հայտնել են, որ Արմեն Մելքոնյանը ոստիկանության բաժնում է: Այդ պահին մեր աշխատակցի հարցին, թե ինչու էին թաքցնում իրականությունը, Քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա. Քոչարյանը պատասխանել է` «Էդ պահին ըտենց էր հարմար, ըտենց ենք ասել: Կարաք` ապացուցեք»:

Արմեն Մելքոնյանը ավելի ուշ Պաշտպանի ուղղված դիմումի մեջ հայտնել է, որ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Կ. Հովհաննիսյանը իր դժգոհությունը իրավիճակի շուրջ հայտնել է հետեւյալ կերպ. «Ասել էի քեզ մինչեւ առավոտ նստի ստեղ, բաց կթողնենք, դե տես հեսա ինչա լինելու», իսկ Մելքոնյանի մոր հետ հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյել է նրան:

Հաշվի առնելով Արմեն Մելքոնյանի, նրա մոր եւ քրոջ հոգեբանական ճնշված վիճակը` ժամը 02.00-ի սահմաններում Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առաջարկել եւ վերջիններիս ուղեկցել են մինչեւ տուն:

Այսօր Պաշտպանի աշխատակազմ այցելած Արմեն Մելքոնյանը Պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է նաեւ, որ դեռեւս 5 օր առաջ նրան տարել են Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, ծեծի ենթարկել, պատիվն ու արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի են արժանացրել եւ բաց թողել (ի դեպ Արմեն Մելքոնյանի դեմքին կապտուկ կար): Բացի այդ, նա հայտնել է, որ դեկտմբերի 4-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում իր կամքին հակառակ, սպառնալիքների ներքո իրենից ցուցմունք են վերցրել:

Մայրն էլ դիմումի մեջ նշել է, որ դեկտեմբերի 4-ին առավոտյան 09.30-ի սահմաններում իրեն զանգահարել է ոմն Արմինե` ներկայանալով ոստիկանության թեժ գծից եւ սպառնացել, որ եթե 10 րոպեյի ընթացքում Արմենը չներկայանա ոստիկանություն, իրենց համար վատ է լինելու»,- նշված է պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ: