Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ Շահ-դենիզ հանքավայրից գազի առաքման համաձայնագրի հետագա ձգձգումները կարող են հանգեցնել «Հարավային միջանցքի» համար հնարավորության պատուհանի փակմանը: Երեկ՝ հունվարի 28-ին նման հայտարարություն է արել Եվրասիայում էներգետիկ հարցերով ԱՄն հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:
Նա հուսալքող է անվանել փաստը, որ առ այսօր գազի առաքման վերաբերյալ երկրների միջեւ համաձայնություն չի ձեռքբերվել:
«Երկու պետություններն էլ ԱՄՆ բարեկամներն են, եւ տվյալ բանակցություններում մենք հանդես չենք գալիս կողմերից ոչ մեկի օգտին: Բայց հետագա լուրջ ձգձգումները կարող են հանգեցնել „Հարավային միջանցքի“ համար հնարավորության պատուհանի փակմանը»,- հայտարարել է Մորնինգսթարը:
Նրա խոսքով, ԱՄՆ սատարում է Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա գազի առաքման նոր միջանցքի շինարարության գաղափարին:
«Հարավային էներգետիկ միջանցքը» կարող է միավորել Nabucco նախագիծն ու Թուրքիայի, Հունաստանի եւ Իտալիայի միջեւ գազախողովակը: Այդ երկու ուղղություններն էլ ռազմավարական տեսանկյունից կարեւոր են՝ գազային ռեսուրսների դիվերսիֆիկացման եւ նոր էներգետիկ ուղիներ գտնելու առումով",- ասել է նա:
Ըստ հատուկ ներկայացուցչի, Վաշինգտոնի ուշադրությունը սեւեռված է երկու ուղղությունների վրա՝ Շահ-Դենիզի վերաբերյալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի եւ Կենտրոնական Ասիայից ու Մերձավոր Արեւելքից գազի մատակարարման նախագծի վրա: «Բայց Հարավային միջանցքի» հայեցակարգը ոչ կենսունակ կլինի, եթե երկրները ողջամիտ համաձայնության չհանգեն",- ասել է Մորնինգսթարը՝ միեւնույն ժամանակ բացառելով Իրանի որեւէ մասնակցություն այդ ծրագրերին:




























