Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը անցնող շաբաթ էլ երկարեց Գագիկ Ծառուկյանի որոշման սպասումով, որն ինչպես միշտ հետաձգվեց։ Սակայն այդ սպասումը, ըստ էության, արհեստական է։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«ԲՀԿ առաջնորդը չունի անելու այլ բան, քան առաջադրվել նախագահի թեկնածու։ Որեւէ այլ տարբերակի դեպքում դա դիտվելու է որպես Ծառուկյանի նահանջ, ինչը կոտրելու է նրա, այսպես ասած, հերոսական, թագավորական կերպարը իր հետեւում կանգնած 500 հազար ընտրողների համար։ ԲՀԿ առաջնորդը նահանջի տեղ չունի։
Չառաջադրվելը Գագիկ Ծառուկյանին ուղիղ ճանապարհով տանում է դեպի ՕԵԿ-ացում, դեպի արթուրբաղդասարյանացում, ընդ որում՝ ավելի վատ տարբերակով, որովհետեւ եթե Բաղդասարյանը գոնե նախագահական ընտրություններից հետո բացահայտեց ինքն իրեն, ապա Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, ինքն իրեն կբացահայտի նախագահական ընտրություններից առաջ։ Այսինքն՝ կդիմադրի ավելի քիչ, քան Արթուր Բաղդասարյանը։
Խաղը դադարեցնելու պահերը Ծառուկյանը բաց է թողել։ Այսօր նա այլընտրանք չունի, եւ այդ այլընտրանքից առաջին հերթին ինքն է իրեն զրկել, ու նաեւ նրա շրջապատը։ Մյուս կողմից՝ դա եղել է նրանց ընտրությունը, ոչ ոք չի պարտադրել կառուցել կերպար, որն ուռճացվելու էր այնքան, որ զրկվեր մանեւրի հնարավորությունից։ Եվ ահա սա է, որ արհեստական է դարձնում նրա որոշման սպասումը։ Ուրիշ ի՞նչ որոշում կարող է կայացնել «Բարգավաճ Հայաստանի» նախագահը, եթե հնարավոր մյուս բոլոր որոշումները գուժում են նրա էպոխայի ավարտը»,- գրում է «Ժամանակը»։




























