«Նիկոլ Փաշինյանի դիմումը Սահմանադրական դատարանը պետք է քններ մեկ ամսվա ընթացքում, սակայն նշանակել է մարտի 5-ին` փաստորեն 43-րդ օրը, եւ դա պատճառաբանել իր ծանրաբեռնվածությամբ, սակայն նման գործերով ծանրաբեռնվածություն դատարանն ընդհանրապես չունի, դա օրենքի բացահայտ խախտում է»,- հունվարի 29-ին «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը` ավելացնելով, որ իրենք 10-րդ ընտրատարածքում հետընտրական եւ նախընտրական շրջանի խախտումների վերաբերյալ կազմել են 8 էջանոց զեկույց, որը ուղարկելու են միջազգային կառույցներին:

Անահիտ Սարգսյանը լրագրողներին հայտնեց նաեւ, որ նախընտրական շրջանում, երբ իրենք ակտիվորեն ահազանգում էին ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումների մասին, իրենց փորձել են լռեցնել` ահաբեկելով: Դեկտեմբերի 31-ին առավոտյան իրենց բնակարանի դռան ճեղքից ծրար են ներս գցել, որի մեջ եղել է սպառնալիքներով նամակ` հետեւյալ գրությամբ`"Շատ մի ոգեւորվիր քո դիտորդական առաքելությամբ, հիշիր որ մայր ես եւ երեխաներ ունես": «Հենց այդ օրը մենք դիմեցինք ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, ինչպես նաեւ հաղորդագրություն տվեցինք դատախազությանը, որտեղից մեզ պատասխանել են, թե դա չի առնչվում մեզ եւ վերաբերվում է Ընտրական հանձնաժողովի գործողություններին»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որ 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 2008թ. հետընտրական իրադարձությունների արդյունքում, դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով հունվարի 10-ին կայացած ընտրությունները, երբ ԱԺ պատգամավոր դարձավ «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը: Ընդիմության պնդմամբ՝ ընտրություններն անցել են կեղծիքների եւ բռնությունների մթնոլորտում: