Էթիկայի ո՞ր կանոնով է սահմանված, թե պատգամավորն ինչպես պետք է իրեն պահի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմեբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդոք տեսել է վերջին տեսանյութը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասնակցությամբ, որտեղ նա կիսապառկած է բազմոցին եւ պատասխանում է լրագրողների, այդ թվում կին լրագրողների հարցերին եւ արդոք չի տեսնում այդտեղ էթիկայի նորմերի խախտում։

«Էթիկայի ո՞ր կանոնով է սահմանված, թե պատգամավորն ինչպես պետք է իրեն պահի»,- ասաց Սակայանը։

Լրագրողների դիտարկմանը, որ համընդհանուր էթիկայի կանոններով, եթե կինը կանգնած է, ապա տղամարդը նույնպես պետք է ոտքի կանգնի, Սահակյանն ասաց. «Ես չեմ ուզում մտնել այդ դիսկուսիայի մեջ, բայց հազար ներողություն, խոսքս չի վերաբերում հիմա հարց տվող լրագրողին։ Կան լրագրողներ, որոնք, այդ նույն էթիկայի կանոնները խախտելով, ձայնագրիչն ուղղակի մտցնում են պատգամավորի բերանը, որպեսզի բառ կամ խոսք կորզելը, կարող են հավասել մեր գործընկերները։ Եկեք այդ էթիկայից խոսենք, հետո անցնենք Սամվել Ալեսանյանի էթիկային»։

Դիտարկմանը, թե, ընդունենք, որ լրագրողների մի մասը ձայնագրիչը պատգամավորի անհամապատասխան տեղն է մտցնում, բայց ամեն դեպքում պետք է քննարկել Սամվել Ալեքսանյանի վարքագիծը, պատգամավորն ասաց. «Անհամապատասխանից եկանք համապատասխանին։ Մեր պատգամավորն էլ համապատասխան վերաբերմունք է ցուցաբերել»։

Հարցին՝  այսինքն լրագրողներն արժանի են նման վերաբերմունքի, Սահակյանն ասաց. «Չէ, դա կեսկատակ- կեսհումոր է։ Այսինքն, ես ինքս որպես պատգամավոր նույնիսկ, երբ որ լրագրողը մոտենում է, կանգնում եմ, նույնիսկ կոճակներս եմ կոճկում։ Ինձ հետ ով շփվում է, գիտի։ Բայց ես չեմ կարող ուրիշ պատգամավորների փոխարեն պատասխան տալ։ Փորձեք այդ հարցը տալ Սամվել Ալեսանյանին։ Միգուցե դա ոճ է, ինչպես արեւմուտքում ընդունված է, ձեռքերը ջեբը խոսալ»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am