«Իրատես de facto» թերթի հարցերին պատասխանել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Մեջբերում ենք հատված հարցազրույցից.

-Ի՞նչ է կատարվում հիմա քաղաքական դաշտում:

-Անորոշություն է, որը դեռեւս կպահպանվի մինչեւ թեկնածուների առաջադրումները: Այս ընտրությունները նախորդի նման չեն երկու պատճառով: Նախորդ ընտրությունների ժամանակ կար ժամկետն ավարտած նախագահ, այս ընտրություններում գործող նախագահի պաշտոնավարման շարունակականության խնդիր է դրված, եւ շատ քաղաքական ուժեր նաեւ մտածում են, թե որքանով է ճիշտ այս ընթացքում խաղի մեջ մտնելը, մյուս կողմից համապետական ընտրությունների որակը ակնհայտ է դարձնում, որ շատ քիչ է այլընտրանքային թեկնածուի հաղթելու հնարավորությունը, եւ ավելորդ կոտրվում են թե՛ ռեսուրսը, թե՛ քաղաքացիների վստահությունը այս կամ այն անձի նկատմամբ:

-ՀՅԴ-ն ի՞նչ անորոշություն ունի:

-ՀՅԴ-ն ասում է` մենք կարեւորում ենք սկզբունքները, հետո նոր անձի խնդիր ենք տեսնում: Եթե սկզբունքներն ընդունելի են քաղաքական դաշտի ուժերի համար, կարելի է քննարկել անձը, որ կրում է այդ սկզբունքները: Նա չի գալիս որպես նախագահ, գալիս է որպես նախագահական համակարգից հրաժարվող անձ, այդ փոփոխություններն առաջ մղող առաջնորդ:

-Այդ փոփոխությունների հասարակական պահանջ կա՞:

-Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրերից կա այդ պահանջը, որ տարբեր դրսեւորումներ է ունեցել եւ ձեւախեղումների է ենթարկվել այս կամ այն քաղաքական միավորների կամ իշխանություն ունեցող խմբերի կողմից: 1991-ից սկսած այդ պահանջը կա: Համակարգային փոփոխության պահանջը միշտ եղել է, եւ որեւէ քաղաքական ուժի չի հաջողվել այդ պահանջը բավարարել:

-Լավ, եթե անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, մեր երկրում ստեղծված պայմաններում ի՞նչ է փոխվելու:

-Անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ենթադրում է խորքային փոփոխություններ, նաեւ նոր վարչատարածքային բաժանում, ներկայացուցչական մակարդակի ձեւավորում բոլոր հատվածներում: Մենք առաջարկում ենք մարզերի թիվը մեծացնել եւ մարզպետների ընտրության համակարգին անցնել, ընտրական օրենսգիրքը փոփոխել` Երեւանի կառավարման համակարգը տեղափոխել մարզեր, մի տարբերությամբ, որ գյուղապետերը նշանակվեն, խոշոր գյուղերում ընտրվի ավագանին, այսինքն` ստեղծվի ներկայացուցչական ինստիտուտ, որի բարձրագույն ներկայացուցչական մարմինը կդառնա խորհրդարանը: Ժողովրդավարությունը սկսվում է ներքեւից, ոչ թե վերեւից է թելադրվում: Երկրորդ կարեւոր խնդիրը` առայսօր Հայաստանի կառավարությունը խմբային պատասխանատվություն է կրում, անհատական պատասխանատվություն կաբինետի որեւէ անդամ չի կրում: Խորհրդարանական կառավարման ժամանակ յուրաքանչյուր նախարար իր ծրագրով պետք է քվեարկվի խորհրդարանում, որը հավանություն է տալիս կամ մերժում թեկնածությունը: Կան խորհրդարանական հանրապետության մոդելով երկրներ, որտեղ գործուն է նաեւ նախագահի ինստիտուտը` կոնկրետ գործառույթներով: Խորհրդարանական հանրապետության մեր առաջարկած մոդելը կարեւորում է դատական համակարգի նկատմամբ խորհրդարանի անմիջական պատասխանատվությունը: Ցանկացած երկրում եթե չկա անկախ դատական համակարգ, հնարավոր չէ լուրջ առաջընթաց, եւ մեր չարիքներից մեկը դատական համակարգի կազմավորման սկզբունքների մեջ է: Նախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման` մեխանիկական փոփոխություն չի ենթադրում, այլ խորքային: Այսօր երբ շենքի վերելակը փչանում է, քաղաքացին երկրի նախագահին է դիմում:

-Որովհետեւ միայն նախագահի հրամանով է գործը տեղից շարժվում սովորաբար:

-Իսկ դա վկայում է ձեւախեղված ինստիտուցիոնալ համակարգ:

-Մեր երկրում ձեւավորված ընտրական ավանդույթը հնարավորություն կտա՞ խորհրդարանական այն ընտրություններն իրականացնելու, որ Ձեր նշած բարեփոխումները կատարվեն:

-Իհարկե ոչ, այդ պատճառով էլ մենք առաջարկում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, բացի 100 տոկոս համամասնականին անցումից` նաեւ ընտրությունների անցկացման որակական վերանայումներ, առանց որոնց անիմաստ է խոսել դրական փոփոխությունների մասին: Ես համամիտ չեմ նրանց տեսակետին, ովքեր ասում են, որ իդեալական օրենսգրքով էլ կարելի է վատ ընտրություն անցկացնել, վատ օրենսգրքով` լավ ընտրություն: Եթե չկա բավարար քաղաքական կամք, միշտ թողնվում է ինչ-որ սողանցք, որ լինեն արջի ծառայություն մատուցողներ իշխանություններին եւ այլ անձանց...»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն: