Հայ ազգային կոնգրեսի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից գրանցվել է եւ գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանին։

«Նախնական ուսումնասիրման փուլը տեւում է մինչեւ 30 օր, ՍԴ որոշմամբ՝ այդ ժամկետը կարող է երկարացվել եւս 10 օրով։ Այս ընթացքում ՍԴ-ն պետք է որոշի՝ ընդունել, թե մերժել դիմումը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը, հղում անելով Սահմանադրության 70-րդ հոդվածին, ՍԴ է դիմել՝ վիճարկելու համար ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը, եւ դա ճանաչել հակասահմանադրական։ Հայցի ներքո ստորագրել են երեք տասնյակից ավելի պատգամավորներ։ ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը միացել էին «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցությունները։

Դաշնակցությունն այս հարցում խորհրդարանական իրենց ընդդիմադիր գործընկերներին համամիտ չէր, հետեւաբար՝ չէր միացել ստորագրահավաքին»,- գրում է «Հայկական ժամանակը»։