Վերջին երկու նախագահներն ուղղակի նսեմացրեցին նախագահի ինստիտուտի ամբողջ արժեքը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց  «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյանը:

Նրա խոսքով, նախագահը պետք է լինի բանիմաց, գրագետ, քաղաքական որոշակի գործընթացներում կոփված, հեղինակություն ունեցող գործիչ, որ խոսքը պետք է լինի միարժեք: «Հաճախ նախագահի անձը դառնում է օրինակ` երիտասարդության, մատաղ սերնդի համար: Ես չունեմ այդ օրինակը վերջին երկու նախագահի օրինակով:Ես չեմ ուզում նախագահի բերանից հնչի` պտի, որտեւ,  խնդռնեմ բառերը»,- նկատեց Զոյա Թադեւոսյանը:

Անդրադառնալով առաջադրված թեկնածուներին` Զոյա Թադեւոսյանն ասաց, որ որոշները քաղաքական խաղի մեջ են մտել, իսկ որոշներն էլ փորձում են ինքնահաստատվել: «Նախագահի արժեքը այնքան է ընկել, որ ցանկացած ոք կարող է իրեն նախագահ զգալ»,- ավելացրեց ԶոյաԹադեւոսյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների այն գնահատականին, թե Սերժ Սարգսյանը ֆավորիտ է, ընդդիմադիր գործիչն ասաց.«Եթե ֆավորիտ է, տարեք ձեր տուն: Ֆավորիտ է ձեզ համար, ոչ թե հասարակության»: ՀԱԿ անդամը խոսեց նաեւ ՀԱԿ-ում առկա հակասությունների մասին` նշելով, որ դա ոչ թե ձեռնամարտ է, այլ կարծիքների բախում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am