Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր` դեկտեմբերի 12-ին ընդունել է  Շիրակի  մարզի շուրջ  երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների եւ առանձին նախաձեռնությունների ներկայացուցիչների: Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը NEWS.am-ին հայտնեց, թե հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը խոսել է քաղաքապետարանի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ կապերի խորացման եւ նմանատիպ շփումներն ավելի ինտենսիվ դարձնելու անհրաժեշտության մասին: ՀԿ ների ներկայացուցիչներն իրենց հերթին քաղաքապետին ուղղել են մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերվում էին քաղաքի զարգացման քառամյա ծրագրում լրացումներ կատարելուն, համատեղ ծրագրերի անցկացման հեռանկարներին, միջոցառումների անցկացման համար շենքային պայմաններ տրամադրելուն եւ այլն: 

Բարձրացված հարցերին քաղաքապետի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ, միաժամանակ կարեւորվել է քաղաքի զարգացման գործում ՀԿ ների ակտիվ ներգրավվման անհրաժեշտությունը, սկսած քաղաքային շաբաթօրյակների անցկացումից, մինչեւ իսկ խոշոր ծրագրերի համատեղ իրագործումը: