Թուրքիայի խորհրդարանում դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան բյուջեի քննարկումների ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի ելույթը խիստ լարել է խորհրդարանի մթնոլորտը, իսկ ավելի ուշ նրա խոսքերը սկսել են հեգնական համատեքստերով պտտվել սոցկայքերում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, փոխվարչապետ Բյուլենթ Առընչն իր ելույթի ժամանակ պատասխանել է իր դեմ ուղղված ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներ Քամեր Գենչին եւ կին պատգամավոր Այլին Նազլըաքային։

Փոխվարչապետ Առընչը, անդրադառնալով Քամեր Գենչի՝ իրեն ուղղված մեսիրի (բուսական դեղամիջոց) հետ կապված քննադատությանը՝ ասել է. «Քամեր Գենչին ասելու բան չունեմ։ Մեսիրը վիագրա չէ, այն բուժամիջոց է։ Սակայն Քեմեր Գենչի խելքը գոտկատեղից ներքեւ է, դրա համար, երբ մեսիրից են խոսում, ուղեղում ուրիշ  բաներ են գալիս»։

Պատասխանելով կին պատգամավոր Այլին Նազլըաքային, ով իրեն մեղադրել է կին տղամարդ խիստ խտրականություն դնելու մեջ, նշել է. «Դուք, հղիության արհեստական ընդհատման (աբորտ) օրենքի քննարկումների ժամանակ այնպիսի բառեր ասացիք, որ իմ դեմքը կաս-կարմիր դարձավ։ Ամուսնացած, երեխա ունեցող կին պատգամավորը ո՞նց կարող է այսպես բաց խոսել իր սեռական օրգանի մասին»։

Ամիսներ առաջ Թուրքիայի խորհրդարանում հղիության արհեստական ընդհատման օրենքի քննարկման ժամանակ Այլին Նազլըաքան հայտարարել էր, թե վարչապետ Էրդողանը թող չդառնա կնոջ «հեշտոցի պահակը»։

Փոխվարչապետ Առընչի ելույթից հետո խորհրդարանում թեժացել է փոխադարձ վիրավորանքները, որից հետո ընդդիմադիր պատգամավորները լքել են դահլիճը։

Թուրքիայի փոխվարչապետի ելույթը մեծ արձագանք է գտել սոցկայքերում, որտեղ այն ծաղրանքների է արժանացել։