«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հրաչյա Հովակիմյանը պատրաստվում է տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթում դիմում ներկայացնել, քանի որ «տիրապետում է այդ տարածքին եւ գործին»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հովակիմյանը;

Թե նախորդ մրցույթին ինչու նա դիմում չի ներկայացնել, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դա պատճառաբանեց  իր`քաղաքում չլինելու հանգամանքով: Հրաչյա Հովակիմյանը նշեց, որ իր նշանակումը շատ պատահական է եղել, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իրեն կանչել է մեկ շաբաթ առաջ եւ իմանալով իր կենսագրականը, իր աշխատանքային փորձը, առաջարկել է, դրել պայմաններ, ինքն էլ մտածել է եւ ընդունել դրանք: Կայանալիք մրցույթում բոլոր հնարավոր թեկնածուներին էլ նա մրցակից է համարում, թեեւ նշում է, որ «մարդ կարող է անգիր անել նյութը եւ այդպես անցնել մրցույթը, սակայն պրակտիկորեն ոչինչ չկարողանա անել»: Նախորդ մրցույթում հաղթած, այնուհետեւ հրաժարականի դիմում ներկայացրած Գաբրիել Պողոսյանի մասին էլ Հրաչյա Հովակիմյանը նշեց, որ «նա սիստեմի մարդ չի եղել»: «Մրցույթ է լինում, կարող են շատերը մասնակցել ով կհաղթի, նա էլ կշարունակի այս գործը, գուցե ինձնից ավելի խելացի մարդիկ լինեն»,- ասաց նա:

Հրաչյա Հովակիմյանը նշեց, որ շատ ուրախ կլինի, եթե հասարակական կառույցները, բնապահպանները իր հետ աշխատեն, քանի որ ինքը եկել է այդտեղ որսագողերի դեմ պայքարելու համար: «Կարող եմ նույնիսկ նրանց գործի ընդունել, ես ինքս ինձ էլ բնապահպան եմ համարում, եւ ցավ եմ ապրում, որ մի կենդանու բան է լինում»,- ասաց նա: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ հիմնարկում վիճակը կարգավորելուց հետո պատրաստվում է ստուգայցեր անել եւ բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու դրանց, ծանոթանալու աշխատանքի վիճակին: Աշխատանքը կարգավորելու համար նա պատրաստվում է մի շարք բարեփոխումներ անել, այդ թվում` կադրային փոփոխություններ, քանի որ «այստեղ մասնագետներ համարյա չկան»: Նա իր տարակուսանքը հայտնեց այն հարցի առնչությամբ, թե ինչի պետք է դրսից բնապահպանները գան, որսի դեպք հայտնաբերեն. նկարեն, թե ինչպես են «Քարերի սիմֆոնիայի» քարերը մարդիկ տանում եւ տներ կառուցում. «Եթե այդ մարդիկ իրենց տեղում լինեն, նման բան կլինի՞»,-ասաց նա` նկատի ունենալով տեղի աշխատողներին:

Հարցին, թե չեք վախենում բնության պահպանության գործում բախվեք հայտնի գործարարների շահերին, նա նշեց, որ պետության շահը վեր է ամեն ինչից: Ինչ վերաբերում է հայտնի անձանց Խորսովի արգելոցում տարածքներ ունենալուն, ապա Հրաչյա Հովակիմյանը վստահեցրեց, որ ինչքան որ հասցրել է ուսումնասիրել, Խոսրովի արգելոցի տարածքում ոչ մեկ նման հողային տարածք չունի: «Իմ աշխատանքը լինելու է բաց, տեսանելի, ես աչքս կուշտ մարդ եմ, բավականին լուրջ պոստեր եմ զբաղեցրել»,-ասաց նա: 

Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «հովանավորյալ» լինելու մասին խոսակցություններին, նա վստահեցրեց, որ որեւէ ազգակցական, բարեկամական, աշխատանքային կապ չունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: «Ցանկացած մարդ կցանկանար նման հովանավոր ունենա` հանձնինս ինձ, նման բան չկա: Ես  չեմ տեսել, իր հետ ընդհանրապես չեմ հանդիպել եւ չեմ զրուցել, ես պատիվ չեմ ունեցել, իրեն տեսել եմ հեռուստատեսությամբ եւ դրանից ավել չեմ տեսել,շփում չեմ ունեցել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չէր նշանակվել այդ պաշտոնում` գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել էր տնօրենի նշանակման գործընթացը:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ինչպես Գաբրիել Պողոսյանը, այնպես էլ Հրաչյա Հովակիմյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «հովանավորյալներն են»: