Ավելի քան երեք ժամ առաջ Հալեպի Էլ Նիլ փողոցի վրա Էլ Ֆաթաթ էլ Յեթիմ դպրոցի շրջանում 3 ռումբ է պայթել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Նրա փոխանցմամբ` այն արձակվել է մոտակա Բենի Զեիդ շրջանի ընդդիմադիր ուժերի կողմից: Պայթյունի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել` 8 մարդ, հարակից բնակարաններին պատճառվել է նյութական մեծ վնաս, վնասվել են անեւ ավտոմեքենաները:
Հարցին, թե արդյոք տուժածների մեջ կան հայեր, նա ասաց, որ դեռ հստակ տեղեկատվություն չկա, միաժամանակ , հավելեց, որ հազիվ թե տուժածների մեջ հայեր լինեն: Ռեիսյանի խոսքով, քաղաքի այդ շրջանում քիչ թվով հայեր են բնակվում:
Հիշեցնենք, որ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հայտարարել էր, որ Հալեպի Ակ Նիլ փողոցում ահաբեկիչները հրետանային կրակ են բացել ինտերնատի, հիվանդանոցի եւ տեղական շուկայի վրա: Արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնց թվում կան նաեւ երեխաներ:



























