Դեկտեմբերի 12-ին` կեսգիշերին մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Սպիտակ քաղաքում (ֆոտոռեպորտաժ): Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 23:15-ին մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում՝ «Միկա» գազալցակայանի մոտ տնակներ են այրվում: Դեպքի վայր են մեկնել միանգամից երկու մարտական հաշվարկ, այնուհետ օգնության են կանչվել եւս երկու հրշեջ մեքենա:

Այրվել է շուրջ 20 մետր երկարության փայտյա շինություն: Շրջանառվող լուրերի համաձայն շինությունը պատկանում է «Աննա եւ Կարեն» ՍՊԸ-ին: Դեպքի վայրում աշխատել են թե հրշեջները, թե ոստիկաններն ու փորձագետները: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ` բռնկված հրդեհը լուրջ վտանգ էր ներկայացրել իրենից, մասնավորապես քամին հրդեհը տարածում էր հարակից բնակելի տների ուղղությամբ: Թե ինչից է առաջացել հրդեհը, դեպքի վայրում ոչ ոք չկարողացավ ասել, սակայն շրջանառվում է թե դիտավորյալ հրկիզելու, եւ թե էլեկտրական լարերի բռնկմսն վարկածները: Ժամը  00:29-ի դրությամբ հրդեհը արդեն մեկուսացվել է, սակայն դեռեւս չի մարվել:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի