Ափսոս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ընտրապայքարից, քանի որ նրա առաջադրման դեպքում իրական մրցակցություն կստեղծվեր, եւ քաղաքական դաշտը երկբեւեռ կլիներ:
Դա սպասվող ընտրություններին ժողովրդավարության լրացուցիչ բնույթ կհաղորդեր: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, նախագահական ընտրություններին Ծառուկյանի չմասնակցելով Հայաստանի քաղաքական դաշտը կրկին միաբեւեռ դարձավ:
«Հետեւաբար, կարելի է ակնկալել, որ գործող նախագահը կհաղթի հենց ընտրությունների առաջին փուլում: Խարիզմայով, ֆինանսական ռեսուրսներով եւ հնարավորություններով նրան հավասար թեկնածու հայ քաղաքական իրականությունում չկա: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատ, Գագիկ Ծառուկյանը գործող նախագահին այլընտրանք դառնալու ավելի շատ հնարավորություններ ուներ», - նշել է սոցիոլոգը:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի որոշման հետեւանքներին՝ Ահարոն Ադիբեկյանը նշել է. «Վերջապես Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ միջանկյալ դիրք զբաղեցնող կենտրոնամետ ուժ ձեւավորվեց»: Գագիկ Ծառուկյանի քայլը սոցիոլոգը բացատրել է նրանով, որ ընդդիմությունը չհամախմբվեց նրա շուրջ եւ չսատարեց, այդ պատճառով ԲՀԿ առաջնորդը նույն կերպ պատասխանեց՝ հայտարարելով, որ նախագահական ընտրություններում որեւէ մեկին չի սատարելու:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























