Հատված Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից.

-Ամիսներ, տարիներ շարունակ մենք Ազատության հրապարակում ունեցել ենք անխոնջ եւ էմոցիոնալ Նիկոլ Փաշինյան, որն այսօր ԱԺ-ում է փոքր-ինչ կերպարանափոխված վիճակով։

-Ո՞վ է ասում, որ ինձ մոտ փոփոխություն կա։

-Ինքս եմ նկատում։ Իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակահատվածում դարձել է բավականին զուսպ, ավելի խոհեմ, պահպանելով սուր եւ տեղին հումորը, ելույթ է ունենում առանց ավելորդ հուզականության, խանդավառության, իրողություններ, որոնք, օրինակ, անբաժան են Մարգարիտ Եսայանից, Համլետ Հարությունյանից, Հրանտ Բագրատյանից ու էլի մի քանիսից։

-Ձեր ընկալումը կամ ուրիշների ընկալումը պետք չէ ներկայացնել որպես օբյեկտիվ իրականություն։

-Իսկ ո՞վ այդպիսի ընդհանրացում արեց։ Կրկնում եմ` իմ սուբյեկտիվ կարծիքով Նիկոլ Փաշինյանն առաջվա նման էմոցիոնալ չէ, զուսպ է եւ հավասարակշիռ։ Ինչը ես համարում եմ պատգամավորի ճիշտ պահվածք։

-Էմոցիոնալի եւ ոչ էմոցիոնալի խնդիր չկա։ Կա ադեկվատության խնդիր` իրավիճակին։ Չէ՛, ոչ թե իրավիճակին, այլ միջավայրին, դահլիճին, ամբիոնին։ Հանրահավաքի ամբիոնը հանրահավաքի ամբիոն է, հանրահավաքի ոճը` հանրահավաքի։ Խորհրդարանը ուրիշ տեղ է, ասուլիսը` ուրիշ, լրագրողն էլ ուրիշ տեղ է, չէ՞։ Եվ, բնականաբար, ես չեմ կարող հանրահավաքում նույն կերպ խոսել եւ նույն կերպ Ձեզ հիմա հարցազրույց տալ, կամ հարց հնչեցնել ԱԺ-ում։ Խնդիրն իրականում ասելիքի մեջ է, իսկ իմ ասելիքը չի փոխվել, մնացել է նույնը, եւ տեխնիկական դետալները պետք չէ իրար խառնել։

-Փաստորեն, Ձեր մեջ երկու «ես» չկա։

-Իհարկե՛ չկա եւ չի եղել։ Դուք կարող եք իմ բոլոր ասածները, ելույթների տեքստերը հավաքել-համեմատել, եւ կտեսնեք, որ դրանք համարժեք են իրավիճակին։

- ՀԱԿ խմբակցությունում Նիկոլ Փաշինյանն առանձնանում է անկախականի մտածելակերպով, հարցադրումների քաջությամբ եւ վերլուծությամբ։

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր տեղ առանձնանում է, որովհետեւ ինքն է ի սկզբանե այդպիսին։

-Իսկ գուցե ա՞յդ է պատճառը, որ հարազատ կուսակցությունում համախոհներ քիչ ունեք։

-Ես Հայաստանի Հանրապետությունում համախոհներ շատ ունեմ, այդ թվում` ՀԱԿ-ում եւ բոլոր տեղերում։

-Բոլոր տեղերում` չգիտեմ, բայց  որ ՀԱԿ-ում լուրջ տարաձայնություններ ունեք, անժխտելի է։

-Նախ` տարաձայնություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Հա, այստեղ կա մի բան, որ իմ եւ՛ համաձայնությունները, եւ՛ անհամաձայնությունները հրապարակային են։ Քաղաքականությունն ինձ համար նույնպես հրապարակային երեւույթ է։

-Եվ վերջում մի «շաբլոն» հարց. ՀԱԿ-ից սպասելիքներ ունենա՞նք։

-Էսքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք։

-Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչքա՞ն է լռելու, առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ։

-Էդ հարցին պատասխանել եմ` «Համբերել եք, մի քիչ էլ համբերեք»»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն: