Նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին հայտարարությունը նախագահ Սերժ Սարգսյանից ավելի կարող է ուրախացնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Վերջինս Գագիկ Ծառուկյանի խնամին է, եւ հայտնի է, որ նա էր ԲՀԿ ղեկավարի կողմից Սերժ Սարգսյանին պաշտպանելու պայմանի երաշխավորը։ Նա էր ՀՀԿ-ում հայտարարել, որ «Գագոն 99 տոկոսով սատարելու է նախագահին»։ Բայց քանի որ Գագիկ Ծառուկյանն իր խոստումը մասամբ է իրականացրել, այժմ, մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը չի կարողանում լիարժեք վայելել այս նոր իրավիճակը։
«Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մինչեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հասկացրել է, որ նա արդեն կորցրել է իր նշանակությունը։ Անցած շաբաթ, երբ ԲՀԿ ղեկավարի եւ մյուս անդամների բրյուսելյան այցից հետո տպավորություն էր ստեղծվել, որ Ծառուկյանն առաջադրվելու վերելքների մեջ է, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին հասկացրել է, որ նրա խոստումն այլեւս նշանակություն չունի, եւ եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի, ավելին՝ սատարի գործող նախագահին, ապա դա դուրս է լինելու Հովիկ Աբրահամյանի ազդեցության կամ ցանկության տիրույթից։ Այսպիսով, կարծես թե ԱԺ նախագահը մեծ խաղից դուրս է մնում։
Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը փորձում է ինչ-որ կերպ նորից վերականգնել իր հանդեպ վստահությունը։ Հակառակ դեպքում նա նախագահական ընտրություններից հետո ոչ միայն այս պաշտոնը կորցնելու, այլ ընդհանրապես բարձր պաշտոն չստանալու մտավախություն ունի...»,- գրում է «Ժամանակը» ։





























