Նախագահական ընտրություններին մասնակցելը օլիմպիադային մասնակցություն չէ, որ մասնակցում են մասնակցելու համար, յուրաքանչյուր թեկնածու սպասում է հաղթանակի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց իրեն նախագահի թեկնածու հայտարարած Հովիկ Աղազարյանը:
Նա համառոտ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը եւ խոստացավ նախագահ դառնալուց հետո վերացնել մեծամասնական ընտրակարգը, պարտադիր ծառայություն սահմանել բոլոր երիտասարդների համար, բանակը դարձնել պրոֆեսիոնալ եւ այլն: «Պատգամավորները պետք է ընտրվեն համամասնական ընտրակարգով ու նրանց թիվը Ազգային ժողովում պետք է կրճատվի, հասնի 71-91-ի»,- ասաց նա՝ կարեւորելով սփյուռքի դերը ամրապնդելը:
Նա նշեց, որ եթե չընտրվի, ապա պետք է աշխատի հասարակության մեջ համախմբվել այն ուժերի շուրջ, որոնց համար ընդունելի կլինեն իր մոտեցումները: «Ես պետք է փորձեմ տարբերվել մյուսներից»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ «գարանտ կլինի բոլոր գործարարների, ներդրողների համար»: Նա կարծում է, որ իրեն ընտրողները պետք է լինեն թե գործարար մարդիկ, թե աղքատներ, մի խոսքով՝ իր տեսակետների կրողները:
Ի դեպ, Սուրենավանից նախագահի մեկ այլ թեկնածու եւս կա՝ Մարտիկ Սարգսյանը, ով ներկա էր ասուլիսին՝ որպես համագյուղացի: Հովիկ Աղազարյանը վստահ է, որ գյուղը չի պառակտվի, իրենք առաջնորդվում են սրտի բխումով, զգացմունքային եւ արժեքների համակարգով:




























