Հայ ազգային կոնգրեսի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին առաջադրել նախագահի թեկնածուի պաշտոնում եւ նշանակել ՀԱԿ համակարգող:
«ՀՀԿ-ԲՀԿական «ավազակաիշխանությունը», Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի գլխավորությամբ, նորից լուրջ հայտ է ներկայացրել վերարտադրման համար, ինչում իր հսկայական ավանդն ունի ՀՀ Առաջին նախագահը: Անկախ պատճառներից՝ չկարողացավ, խաբվեց, բարեգործվեց եւ այլն, վերջինս պատասխանատվություն է կրում իր վաղեմի կադրերով երկրում ստեղծած անմխիթար վիճակի համար: Այդ պատասխանատվության մի մասն, ուղղակի կամ անուղղակի ձեւով, բաժին է ընկնում նաեւ մեզանից շատերին՝ ՀԱԿ ղեկավարի վարած հակահռչակագրային գործունեության դեմ ժամանակին չընդվզելու կամ ստորագրած հռչակագրից հեռանալու համար:
Ինչեւէ, այսօր անհրաժեշտություն է դարձել կատարել Հռչակագրով ժողովրդին տված մեր խոստումը սահմանադրական կարգի հաստատման, մասնավորապես, ՀՀ Նախագահի ներկայիս ընտրությունում ապօրինությունների հետեւանքների վերացման ուղղությամբ: Այսօր դա հեշտ խնդիր չէ, սակայն, ոչ՝ անհնարին»,- իր հայտարարության մեջ նշել է Ռոբեն Թորոսյանը, հաղորդում է «Առավոտը»:
Վերջինիս կարծիքով, այդ պայքարում «ՀԱԿ-ի հեղինակության համար ամենացանկալի, իսկ ավազակաիշխանության համար ամենաանցանկալի թեկնածուն, այսօր, Նիկոլ Փաշինյանն է եւ, այդ կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել նրա թեկնածությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու, ինչպես նաեւ, ՀԱԿ համակարգող նշանակելու համար»:
«Համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանն այն գործիչն է, որի շնորհիվ նորից կհամախմբվի հռչակագրային ՀԱԿ-ը ավազակաիշխանության դեմ պայքարում, թույլ չտալով նաեւ մեր անվան արատավորումն ինչ որ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի» կողմից:
Ավելի քան ակնհայտ է, որ մեր համախմբումն այսօր անհրաժեշտություն է, որպես հասարակության մեջ հեղինակություն վայելող միակ իրական ընդդիմադիր ուժ»,- ասել է նա` կոչ անելով առաջարկությանը պատասպանել երկու օրվա ընթացքում:




























