Եգիպտոսի գլխավոր ընդդիմադիր ուժը` «Ազգային փրկության ճակատը», Սահմանադրության նախագծի հանրաքվեի առաջին փուլի կրկնակի անցկացում է պահանջել: Նախագահ Մուրսիի հակառակորդները եւս պահանջում են հետաքննել խախտումների գրանցված 4 հազ. դեպքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի նոր հիմնական օրենքի օգտին քվեարկել է հանրաքվեի առաջին փուլի մասնակիցների 56,5%-ը: Այդ մասին հայտնել էր «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչը, որոնք կողմ են նոր Սահմանադրության ընդունմանը: Ընդդիմությունը քննադատում է նախագահ Մուհամեդ Մուրսիի առաջարկած երկրի հիմնական օրենքը: Ըստ նրանց տվյալների` դեմ է քվեարկել ընտրողների երկու երրորդը:
«Ռոսբալտը» գրում է, որ Եգիպտոսի ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է դեկտեմբերի 15-ին երկրոմ տեղի ունեցած նոր Սահմանադրության հանրաքվեի կեղծումների մեջ: Ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատը» մտահոգություն է հայտնել «խախտումների եւ կեղծիքների մասին բազմաթիվ տեղեկությունների առնչությամբ, ինչպիսին, օրինակ, քվեարկության բաց ծրարներն են եղել»: Եղել են նաեւ տեղեկություններ, որ «Մահմեդական եղբայրների» անդամները վերահսկել են քվեարկության գործընթացը եւ պարտադրել քվեարկել Սահմանադրության օգտին:
Սահմանադրության հանրաքվեի երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:





























