Լիբիայի իշխանությունները երկրի հարավային պետական սահմանը ժամանակավորապես փակելու որոշում են կայացրել: Կփակվեն Ալժիրի, Սուդանի, Նիգերի եւ Չադի հետ սահմանները: Բաց կմնան Եգիպտոսի եւ Թունիսի հետ սահմանները` համապատասխանաբար երկրի արեւելքում եւ արեւմուտքում:
Երկրի յոթ հարավային նահանգներ հայտարարվել են ռազմական փակ գոտիներ, որտեղ գործում է արտակարգ դրության ռեժիմը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նման որոշումը Ազգային ասամբլեան մեկնաբանել է երկրի հարավի անապատային տարածքներում աճող անկարգություններով: Ըստ Associated Press-ի տվյալների` անկարգությունները հիմնականում զուա եւ թաբու ցեղերի միջեւ տեղի ունեցող բախումներն են, որոնք դաժանորեն ճնշվում էին Մուամար Քադաֆիի վարչակարգի օրոք:
Ըստ խորհրդարանի ներկայացուցիչ Օմար Հումիդանի` այդ արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ էր` Լիբիա թափանցող անօրինական ներգաղթյալներին եւ ապրանքների հոսքին դիմագրավելու համար: Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի պատգամավոր Սուադ Գանուրը հայտարարել է, որ իրադրությունը վատացել է Մալիի հյուսիսում` իսլամական գրոհայինների դեմ ռազմական գործողությունների պատճառով:
Lenta.ru-ն գրոuմ է, որ որոշումը կայացվել էր Ազգային ասամբլեայի անդամների բացակայությամբ, որոնք ներկայացնում են հարավային շրջանները: Նրանք բոյկոտել են նիստը` ի նշան շրջանում ապօրինության դեմ բողոքի:





























