Բլոգեր Ալեքսեյ Նավալնու եւ նրա եղբայր Օլեգի դեմ հարուցված քրեական գործը կարող է լուջ հարված հասցնել ռուսական բիզնեսին: Եթե նրանց մեղավոր ճանաչեն «Խարդախություն» հոդվածով, ենթապայմանագրային համագործակցությունը Ռուսաստանում կարող է անօրինական ճանաչվել:
Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել նախորդ շաբաթվա վերջում` Նավալնի եղբայրներին մեղադրելով 55 միլիոն ռուբլի գումարի յուրացման եւ միջոցների լվացման մեջ: Լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, թե ով է տուժել բլոգերի եւ նրա եղբոր «մեքենայություններից»: Ըստ «Իզվեստիայի» տվյալների` որպես տուժած է հանդես գալիս Yves Rocher-ը:
Ըստ ՌՔԿ-ի` ժամանակին Ալ. Նավալնին ստեղծել է «Հիմնական բաժանորդագրային գործակալություն» ընկերությունը, որի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն էր դարձել բլոգերի ծանոթը: Ընկերությունը բեռնափոխադրումների պայմանագիր էր կնքել ինչ-որ առեւտրային կազմակերպության հետ:
«31 միլիոն ռուբլի իրական արժեքի դիմաց բեռնափոխադրումների համար փոխանցվել էր 55 միլիոն ռուբլի», - հայտարարում են քննիչները:
Rbc-ի տվյալով՝ իրավաբանները նշում են, որ Ա. Նավալնու գործը կարող է ցավոտ հարված հասցնել ռուս գործարարներին: Ըստ օրենքի, եթե պայմանագրոմ նշված չէ, որ աշխատանքը պետք է կատարի բացառապես կոնտրգործակալը, այդ նպատակների համար ընկերությունը կարող է ներգրավել միջնորդի: Ընդ որում, ընկերությունը կարող է ցանկացած վճար նշանակել մատուցած ծառայությունների դիմաց: Ա. Նավալնու դեպքում նրա ընկերությունը միջնորդ էր, իսկ այժմ բլոգերին եւ նրա եղբորը մեղադրում են չափից շատ գումար ստանալու մեջ: Քննչական կոմիտեի այդ քայլը վտանգի տակ է դնում Ռուսաստանում հայտնի բիզնես ծառայությունների տեսակի գոյությունը:




























