Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետեւողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատվիրակված լիազորությունները` նպաստելով աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը:  

Անդրադառնալով գնահատման եւ վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով` առավել հետեւողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, եւ անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։

Վերջում քաղաքապետը նաեւ հանձնարարել է մինչեւ տարեվերջ նախնական ամփոփել վարչական շրջանների կողմից այս տարի կատարած աշխատանքների արդյունքները, որի համաձայն լավագույն ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերը կարժանանան հերթական խրախուսանքին: