Նախկինում դատված եւ դատվածությունը մարած 45-ամյա Ա.Խ.-ն թափառական Գ.Ս.-ին դրդել է պոռնկության եւ տիրացել նրա վաստակած գումարներին: Նա աղջկան սեռական շահագործման է ենթարկել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Թուրքիայում: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, նախկինում դատված եւ դատվածությունը մարած 45-ամյա Ա.Խ.-ն, ծանոթանալով Գ. Ս-ի հետ, տեղեկանալով նրա թափառական ապրելակերպին, վերջինիս սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, նրա նկատմամբ հսկողություն է սահմանել: Հետագայում Գ. Ս.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով  դրդել եւ պահել է սեռական շահագործման մեջ` տիրանալով նրա վաստակած գումարներին եւ դրանք տնօրինելով անձնական կարիքների համար:

Այնուհետեւ, շարունակելով հանցավոր գործունեությունը, նախնական համաձայնության գալով կավատությամբ զբաղվող ոմն Տանյայի հետ, նա Գ.Ս.-ին տեղափոխել է Թուրքիա, եւ չորս ամիս նրան դրել եւ պահել է սեռական շահագործման մեջ: Բացի այդ Գ.Ս.-ից շորթմամբ հափշտակել է իր կողմից պահանջված 200 դոլարին համարժեք 80 հազար դրամ: 

Քրեական գործ է հարուցվել 132 հոդվածի 2-րդ մասի 2-դ կետով`մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը  մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 182 հոդվածի 1-ին մասով` շորթում: Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-800-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջին դատական քննությունը նշանակված էր դեկտեմբերի 17-ին: