Օրեր առաջ Դուբլինում կայացավ ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը նույնպես հանդես եկավ ելույթով:

Ինչպես եւ ենթադրում է նման հանդիպումների եւ օրակարգի, ինչպես նաեւ մեր արտաքին քաղաքական խնդիրների տրամաբանությունը, ելույթում պետք է ներկայացվեին Հայաստանի ջանքերը ԵԱՀԿ պարտավորությունների եւ ընդհանրապես խաղաղ աշխարհակարգի կառուցման ուղղությամբ, իսկ մյուս կողմից մերկացվեր մեր պետության համար գլխավոր սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը:

Ելույթն ուներ ճիշտ այդ կառուցվածքը եւ բովանդակությունը եւ արտացոլում էր իրերի իրական վիճակը: Ավելին, Հայաստանի` միջազգային հանրության նկատմամբ իր ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու ֆոնին համապարփակ ներկայացվում էր Ադրբեջանի ապակառուցողականությունը, քսենոֆոբիայի եւ ռասիզմի մթնոլորտը, սպառազինությունների մասով ստանձնած պարտավորությունների չեղարկումը, խաղաղությանն ուղղված բանակցությունների վիժեցման փորձերը եւ անգամ քամահրանքն ու վիրավորական վերաբերմունքը միջնորդների եւ հատուկ ներկայացուցչի գրասենյակի հանդեպ` առավելագույն կոնտրաստ հաղորդելով երկու պետությունների միջեւ առկա հսկայական տարբերությանը` ԵԱՀԿ-ից փոխադարձ վերաբերմունքի ակնկալիքով:

Կարծես ամեն ինչ ընկալելի է եւ ավելորդ մեկնաբանությունների կարիք չկա, սակայն արի ու տես, որ որոշ դեպքերի (այո դեպքերի եւ ոչ դեմքերի) համար ելույթը քննադատության առիթ դարձավ: Քննադատությունն, իհարկե առաջընթացի շարժիչն է, բայց մարգինալ ու անգրագետ հատվածի ձեռքում այն վերածվում է ուրագի, այն էլ` բութ:

Այսպես, ելույթից անմիջապես հետո ոմանք արագորեն «բացահայտեցին սուտը» նախարարի խոսքում` մայիսյան խորհրդարանական ընտրություններին վերաբերող հատվածում: Այստեղ նախարարը մեջբերել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի ընդհանուր գնահատականը (ամփոփումը), ըստ որի ընտրություններն այդ կառույցի կողմից գնահատվել են որպես ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորություններին եւ ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխանող:

Պարզվում է, սակայն, որ զեկույցների «մեծ մասնագետներից» ոմանք անգամ չեն տարբերում գլխավորը երկրորդականից, ամփոփիչը` մասնավորից, երբ կարծում են, որ նախարարը զեկույցի ընդհանուր եզրակացությունը թողած պետք է մեջբերեր արձանագրված խախտումների մասին առանձին, սպեցիֆիկ պարբերությունը: Թեեւ, եթե շատ ցանկանային, ապա նախարարի խոսքի «Հայաստանը շարունակում է համագործակցել ԺՄԻԳ-ի հետ իրականացնելու ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկությունները, որոնց մեծամասնությունը արդեն իսկ ընդունվել են ի գիտություն» հատվածում կտեսնեին նաեւ «սպեցիֆիկը»: Իսկ փաստաթղթերի լուսապատճեներով «սուտը բռնողներին խորհուրդ կտայի տեղադրել փաստաթղթերի ամբողջական լուսապատճեները, առանց «անհաջող» հատվածները փակելու: Հասկանալի է ընտրության արդյունքներից դժգոհ հատվածների անհանդուրժողականությունը նման մեջբերումների նկատմամբ, բայց ցանկալի կլիներ, որ այն ուղղվեր ճիշտ ժամանակին եւ ճիշտ հասցեատիրոջը, այլ ոչ թե վաղուց արձանագրված փաստերը մեջբերողներին:

 Տարակուսանք է առաջացնում, երբ «ելույթների մասնագետները» չեն հասկանում, թե ինչ ասել է «ժողովրդավարական հաստատությունների կամ կառույցների ամրապնդում» եւ ընդհանրապես ինչ է նշանակում ժողովրդավարական հաստատությունը: Դրա համար միեւնույն զեկույցը տասնյակ անգամներ վերընթեռնելու փոխարեն ցանկալի կլիներ, որ հոդվածագիրներն ավելի շատ ընթերցեին մասնագիտական նյութեր, իսկ տվյալ դեպքում ժողովրդավարական հաստատությունների մասին նրանց կպատմեին Ռոջեր Մայերսոնը, Քեննեթ Շուլցը եւ տասնյակ այլ հեղինակներ: Դրանք ընթերցելուց հետո հնարավոր է, որ հարստանա նաեւ հոդվածագրի բառապաշարը, եւ նա մեկ պարբերության մեջ այլեւս մի քանի անգամ չօգտագործի «ցնցող» բառը:

Ի դեպ, նույն ժողովրդավարական հաստատությունների մաս է նաեւ ազատ մամուլը, որից անկաշկանդ օգտվելու արդյունքում էլ ծնվում եւ մեր դատին են հանձնվում նման «ցնցող» «վերլուծություններ» «խեղաթյուրված զեկույցների եւ ելույթների» մասին:

Ազատ Արսենյան