Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի հարազատները սպասում են նրա ազատ արձակմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության Մեծամորի բաժնի նախկին պետ Մուշեղ Օհանյանը:
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, թե մինչեւ Նոր տարի Մարգար Օհանյանին ներում կշնորհվի, նա պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել: Մենք սպասում ենք»: Նրանից տեղեկացանք, որ Մարգար Օհանյանի առողջական վիճակը լավ է, սակայն մինչեւ հիմա ոչ մի պաշտոնատար անձ նրան տեսակցության չի գնացել:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:
Ավելի ուշ Մարգար Օհանյանը ներման դիմում էր փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























