Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի ստորագրությամբ պաշտոնական գրություն այսօր` դեկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազության ընդհանուր բաժին մուտք չի եզել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հարցին, թե Լեւոն Զուրաբյանը առաջարկել էր դատախազությանը ընդունել իր հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին, մամուլի քարտուղարն ասաց, որ «նա ֆիզիկական անձ է, իսկ ֆիզիկական անձնաց կողմից հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքի1 77-րդ հոդվածով եւ այնտեղ նախատեսված չէ, որ հաղորդումները կարող են ներկայացվել ԶԼՄ-ների միջոցով»: «Պատշաճ կարգով հաղորդումը ստանալուն պես օրենքով սահմանած կարգով ընթացք կտրվի, եւ նրանց իրավունքն է դիմել կամ որեւէ քննչական մարմին, կամ դատախազություն»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ Youtube-ում հայտնվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը:
Խոսակցության հիմնական թեման եղել է ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքը ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցությանը, կայանալիք նախագահական ընտրությունները եւ ՀԱԿ-ի թեկնածուի առաջադրման հնարավորությունը: Բացի դրանից Լեւոն Զուրաբյանը բավականին արհամարհական տոնով է արտահայտվել Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին, իսկ ավելի հստակ` կայանալիք նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելու վերաբերյալ: Youtube-ում ձայնագրության տեղադրումից հետո` այն հայտնվել է նաեւ լրատվամիջոցներում: Դրանից հետո Զուրաբյանը, նաեւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի անունը եւս շոշափվել էր խոսակցությունում, հանդես են եկել հայտարություններով, որոնցում ԱԱԾ-ին մեղադրել են անձնական խոսակցությունների գաղտնալսման եւ հրապարակման մեջ, որը հակասում է ՀՀ-ի Սահմանադրությանը: Ի դեպ. Երեկ այդ ձայնագրությունը հեռացվել է Youtube-ից:





























