Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում այսօր՝ դեկտեմբերի 19-ին արտահերթ նիստում շարունակվեցին հարկային փաթեթի մասին քննարկումները: Ինչպես եւ երեկ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  բավական կոպիտ արձագանքեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի պարզաբանմանը:

Այս անգամ խնդիրը վերաբերում էր «Շահութահարկի մասին» օրենքին: Կառավարությունն առաջարկում է արտոնություն տրամադրել այն ընկերություններին, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն՝ երեք տարի հնարավորություն տալով նոր աշխատողների աշխատավարձերը նվազեցնել շահութահարկի գումարից:

Սակայն դրա համար ընկերությունը պետք է գրավոր դիմի կառավարությանը, որն էլ այդ դիմումը քննարկելուց հետո պետք է որոշում կայացնի: Պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկեց կառավարությանը 20 օր ժամանակ տալ որոշում կայացնելու համար:

Ֆինանսների փոխնախարարը չհամաձայնեց այդ առաջարկի հետ, ասելով, որ երբեմն ընկերությունները սխալ փաստաթղթեր կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացնում, ու եթե ինչ որ ժամկետ սահմանվի՝ ապա մերժումները շատ կլինեն:

Հարցին միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Տնտեսվարողը չի բերի՝ կմերժեք: Եթե շահագրգիռ է՝ կբերի, ինչ ե՞ք քցում տնտեսվարող սուբյեկտի վրա: Գրեք 1 ամիս կամ 45 օր, կոնկրետ ժամկետ նշեք... ասումա՝ չի բերի տնտեսվարող սուբյեկտը... ինքը շահագրգիռ կողմ ա, ո՞նց կարող ա չբերի... Դուք շահագրգիռ չեք, դրա համար էլ դուք կարող ա պատճառներ գտնեք մերժելու...»,- ասաց ԱԺ նախագահը:

Ֆինանսների փոխնախարարը փորձեց առարկել ԱԺ նախագահին. «Ես նորից ուզում եմ կրկնել, որ ցանկացած ժամկետային սահմանափակում նշանակում է տնտեսվարող սուբյեկտների սահմանափակում: Իմ կարծիքով...»

«Դա քո կարծիքն է, քո կարծիքը մեր համար պարտադիր չի»,-փոխնախարարի խոսքը կտրեց ԱԺ նախագահը եւ անմիջապես ձայն տվեց այլ պատգամավորի: