Խաչանուշ Հակոբյանն ընդգծել է ամենամյա բժշկական հետազոտության կարեւորությունը...

Տարեցտարի մեր այցելուների թիվն ավելանում է: Ավելի շատ մարդիկ են իմանում հիվանդության մասին եւ բուժվում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Անդրադառնալով կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման միտումներին եւ բուժմանը՝ նա նշել է. «2011թ. համեմատությամբ՝ ընթացիկ տարում մեր կենտրոնի այցելուների աճ է գրանցվել: Մինչ այսօր մենք ունեցել ենք  235000  այցելու: Կենտրոնի 15-ամյա գործունեության ընթացքում անցկացվել է  279 419 հետազոտություն, որոնցից 160447-ը՝ կրծքագեղձի քաղցկեղի: Կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել  6797 այցելուների մոտ: Մենք ուրախ ենք ոչ թե նրա համար, որ աճում է գրանցված հիվանդների թիվը, այլ այն բանի, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են ախտորոշում ստանում, բուժվում, եւ մեզ հաջողվում է կյանքեր փրկել»:

Խաչանուշ Հակոբյանը նաեւ ընդգծել է ամենամյա բժշկական հետազոտության կարեւորությունը, որը պետք է անցնի յուրաքանչյուր աղջիկ եւ կին: «Չպետք է մոռանալ, որ կուրծքը կնոջ մարմնի ամենախոցելի մասն է: Անհրաժեշտ է ամեն տարի հետազոտություն անցնել՝ հնարավոր հիվանդության զարգացումը կանխելու համար», - եզրափակել է նա: