Ռուսաստանում նախորդ  օրերի ընթացքում սառնամանիքից տուժել է ավելի քան 150 մարդ, նրանցից 60-ը հոսպտալացվել են։ Երկու մարդ մահացել է։

«ՌԻԱ Նովոստիի» աղբյուրների  տվյալներով՝ Ռուսաստանում ցրտերը սկսելուց ի վեր տուժել է 722 մարդ՝ 371-ը հոսպիտալացվել են, 56-ը՝ մահացել։

Սաստիկ սառնամանիքը Ռուսաստանում շարունակվում է արդեն մեկ շաբաթից ավելի (Մոսկվայի - 18 աստիճանից մինչեւ Սիբիրի - 50 աստիճանը)։  Այն արդեն դարձել է մարդկանց մահվան, դպրոցական պարապմունքների դադարեցման, մեքենաների խափանման եւ շինարարության ժամկետների ձգձգման պատճառ։

Ձմեռը սկսվել է նաեւ Ռուսաստանի ամենատաք շրջաններում: Մախաչկալայի օդանավակայնում  ուժեղ ձնաբքի պատճառով հետաձգվել է 30 չվերթ. մոտ 3 հազար մարդ չի կարողացել թռչել։

ՆՏՎ-ն հաղորդում է, որ օդերեւութաբանները դեռ չեն կարող ուրախացնել ռուսներին. առաջիկա օրերին եղանակի տաքացում չի սպասվում։ Այսպես, «Հիդրոմետկենտրոնի» կանխատեսումներով՝ Մոսկվայում արտասովոր  ցուրտ եղանակը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 24-ը։