Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Այդ մասին ասվում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

«Մեր գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ:

Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը եւ մասնակցել մեր կյանքին վերաբերող կարեւորագույն որոշումների կայացմանը:

Ստեղծված նոր իրավիճակի մանրամասները ներկայացնելու համար դեկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին բոլորին հրավիրում ենք Մաշտոցի պուրակ:

Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ձեզ կներկայացնեն առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները եւ կծանոթացնեն առաջիկայում նախատեսված գործողություններին:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաեւ ներկայացնելու է նախաձեռնության մանիֆեստը եւ Թեղուտի պայքարի սկզբունքները: Բոլորին կոչ ենք անում ներգրավվել աշխատանքներին եւ աջակցել Թեղուտի պաշտպանությանը:

Մաշտոցի պուրակից այնուհետեւ հավաքվածները կկազմակերպեն երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ կտրամադրվեն նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության առաջնահերթ նպատակներն են՝

1. Դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը

2. Վերականգնել պառճառված վնասը

3. Պատասխանատվության ենթարկել անօրինական որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին եւ մասնավոր ընկերության ներկայացուցիչներին, ովքեր մասնակից են եղել Թեղուտի հանցավոր ծրագրի իրականացմանը

4. Վերացնել կոռուպցիան հանքարդյունաբերական ոլորտում»: