Հայաստանում 2011 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 43.340 ծնունդ, որը 1485-ով պակաս է 2010 թվականի ցուցանիշից: Այդ մասին նշված է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման պետական ծրագրում, որն այսօր` դեկտեմբերի 20-ին, հաստատվեց ՀՀ կառավարության նիստում:
2012 թ. հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը կազմել է 19183 մարդ, ինչը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 812 ծնունդով կամ 4.1 տոկոսով: Փաստորեն` չի բացառվում, որ 2012 թ. ամփոփենք 40 հազ. ծնունդից պակաս ցուցանիշով` առաջին անգամ վերջին 6 տարիների ընթացքում: Համեմատության համար նշենք, որ 1990 թ. հանրապետությունում ծնվել է մոտ 80 հազ. երեխա: Ծնելիության նվազագույն մակարդակ գրանցվել է 2001 թ.` 32 հազ.:
Ծրագրում նշվել է, որ ծնելիության` դեռեւս ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկը ամուսնությունների ոչ բավարար մակարդակն է: 2012թ. հունվար-հունիս ամիսներին, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, նկատվել է ամուսնությունների թվաքանակի նվազում:
Բնական հավելաճի գործակիցը 2011 թ. կազմել է 4.7 պրոմիլ (1000 բնակչի հաշվով), նախորդ տարվա 5.2 պրոմիլի համեմատ: 2012թ. հունվար- հունիս ամիսներին բնական հավելաճի ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նույնպես նվազել է` 3.3-ից իջնելով 2.6 պրոմիլի` 1000 բնակչի հաշվով:





























