Հայաստանում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու շինարարությունը կարող է 200-250 միլիոն դոլար արժենալ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ըստ նրա՝ ներկայումս կազմվում է նախագծի տեխնիկական-տնտեսական հիմնավորումը:  

Հիշեցնենք, որ 2011թ. սկզբին Հայաստանի տրանսպորտի եւ կապի այն ժամանակվա նախարար Մանուկ Վարդանյանը նախագիծը գնահատել էր 100 միլիոն դոլար, նշելով, որ հակաճգնաժամային հիմնադրամի 49,9 միլիոն դոլարը պատրաստ է վճարել հայկական կողմը: Այնուհետեւ նա առաջարկել էր 120 – 150 միլիոն դոլար: Պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Ռեբեցը պարզաբանել է, որ  այն ժամանակ  արժեքի հաշվարկներ չեն արվել,  տրվել են միայն փորձագիտական գնահատականներ:  

37,8 կմ երկարությամբ Վանաձոր-Ֆիոլետովո ճյուղը կփակի Հայաստանի հյուսիսի երկաթուղային  օղակը եւ կկրճատի  Երեւանից վրացական սահման բեռնափոխադրումների հեռավորությունը:

«ՀԿԵ»-ն  «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի  100%-անոց դուստր ձեռնարկությունն է եւ 2008թ.-ից զբաղվում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարմամբ: