Հայաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, համաձայն որի ֆինանսների նախարարությունում  տեղի է ունեցել «ծեծկռտուք»,  չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջեւ, որոնցից մեկը` Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը` «ՀՀ քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն  Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով 168.am-ին, այսօր` դեկտեմբերի 21-ին, ժամը 12-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Բանը հասել է անգամ ծեծկռտուքին, որին ստիպված են եղել միջամտել անգամ վարչության պետերն ու նախարարի տեղակալները։

168.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նույն իրավաբանական վարչությունում. իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանը եւ գլխավոր մասնագետ Հ. Աջեմյանը վեճի են բռնկվել, որն այնուհետեւ վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպին ներկա են ինչպես իրավաբանական վարչության պետն ու աշխատակիցները,  այնպես էլ փոխնախարարներ եւ այլ բարձաստիճան պաշտոնյաներ: Նախարարը ներկա գտնվողներից՝ այդ թվում իրավաբանական վարչության պետից պահանջել է  բացատրություն ներկայացնել տեղի ունեցածի առնչությամբ։