Հայաստանի մայրաքաղաքը համարվում է աշխարհի ամենաօրինապաշտ բնակավայրերից մեկը: Այս մասին, այսօր՝ դեկտեմեբրի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, արտասահմանցի հյուրերը զարմանում են Երեւանում անվտանգության մակարդակի վրա:

Անդրադառնալով անչափահասների կողմից կատարված հանցագործություններին, Ադիբեկյանը նշեց, որ գոյություն ունի «մանկական վանդալիզմ» հասկացությունը, որը ենթադրում է խմբակային հարձակում, որը չունի կոնկրետ նպատակներ: «Դա ծառայում է նրանց էներգիայի իրացմանը: Շատ հաճախ այդպիսի դեպքերում, հանցագործների գործողություններն ու վերջնական նպատակներն անհամեմատելի են լինում»,-ասաց նա:

Սոցիոլոգի խոսքով, եթե ծնողները չեն կարողանում խթանել, որ երեխաներն իրենց էներգիան իրացնեն քաղաքակիրթ մեթոդներով, դա անկասկած, կհանգեցնի վանդալիզմի: Նա նաեւ հավելեց, որ մարդու սոցիալիզացիայի գլխավու փուլերից մեկը «հերոսացման» փուլն է, երբ երեխան անբարենպաստ սոցիալական պայմանների ազդեցության ներքո գնում է հանցագործության կամ դառնում մեծերի հանցագործ խմբերի  զոհը: