Ռուսաստանի Քննչական կոմիտեն շարունակում է հանցավոր գործողություններ փնտրել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի գործունեությունում. այժմ նրան մեղադրում են «Աջ ուժերի միություն» կուսակցության միջոցների յուրացման մեջ: Նրա դեմ հարուցվել է նոր քրեական գործ` «խարդախության» հատկանիշներով:
Քննությունը պարզել է, որ 2007թ. ապրիլին «Աջ ուժերի միություն» կուսակցության եւ «Ալեկտ» ընկերության միջեւ, որը գլխավորել է Նավալնին, գովազդային ծառայություններ մատուցելու պայմանագիր էր կնքվել: Ըստ պայմանագրի` ընկերության հաշվին փոխանցվել է 100 միլիոն ռուբլի: «Ալեկտ»-ը ստացված միջոցները բաշխել է մեծամասամբ կեղծ ընկերությունների հաշիվներին:
Նավալնին անձամբ իր միկրոբլոգում ասպես է արձագանքել ՔԿ-ի հաղորդագրությանը. «Այ քեզ բան, եւս մեկ գործ են իմ դեմ հարուցել: Քննչական կոմիտե, ինչ ես անում… հահահա… բավական է», հաղորդում է Rbc-ն:
Միաժամանակ, քաղաքական գործիչ, այդ կուսակցության նախագահի նախկին տեղակալ Լեոնիդ Գոզմանը հերքել է Ալեքսեյ Նավալնիի կողմից կուսակցության գումարային միջոցների ենթադրյալ յուրացման փաստը:
«Դա ինչ-որ սադրանք է», - «Ինտերֆաքսին» երկուշաբթի օրն ասել է Գոզմանը: Նա նշել է, որ «այն ժամանակ ոչ ոք Ալեքսեյի դեմ ոչ մի բողոք չէր ունեցել»:




























