Տարվա սկզբից Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 16 հազար անգամ: Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, այսօր՝ դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերջին տարիների նկատվող միտումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը լարելով իրավիճակը սահմանին, փորձում է ինչ-ինչ հարցեր լուծել, սակայն դա նրան դեռեւս չի հաջողվում: «Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխանին, ապա, ընդհանուր առմամբ, այդ ցուցանիշը 9 անգամ պակաս է»,-ասաց Հովհաննիսյանը:

Այս տարվա սկզբից մինչ օրս ադրբեջանական կողմը շուրջ 3 հազար անգամ փոքր եւ միջին տրամաչափի զենք, շուրջ 400 անգամ մեծ տրամաչափի դիպուկահար զենք է կիրառել: «Մեր պատասխանը մոտավորապես 11 անգամ քիչ է եղել: Բայց համեմատեք թվերը, կորուստների մասին տեղեկությունները. դրանք խոսում են իրենք իրենց փոխարեն: Դա բանակի պատրաստվածության ակնհայտ ցուցանիշ է»,-նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Նա ձեռնպահ մնաց կորուստների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական թվեր ներկայացնել, նշելով, որ այդ տվյալները կհայտարարվեն բոլոր արդյունքներն ամփոփելուց հետո:

Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանն այդ ոլորտում մշտապես նորանոր «ռեկորդներ» է սահմանում: Եթե 2006-ին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 600 անգամ, ապա 2007-ին՝ արդեն 1400 անգամ, 2008-ին՝ 3500 անգամ, 2009-ին՝ 4600 անգամ, 2010-ին՝ 7200 անգամ, 2011-ին՝ 12 600 անգամ: